ԵՄ-ն կոչ է անում Երևանին և Բաքվին ակտիվացնել սահմանազատման շուրջ բանակցությունները
ԵՄ-ն ափսոսանք է հայտնել Տեղ գյուղի շրջանում զինված բախումների կապակցությամբ, ինչը հանգեցրել է հայկական և ադրբեջանական կողմից մարդկային կորուստների:
ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ աս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում պետք է պահպանել 1991 թվականի գիծը, կողմերի ուժերը պետք է այդ գծից անվտանգ հեռավորության վրա տեղակայվեն՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։
"Նախկին պարտավորությունները պետք է հարգվեն, այդ թվում՝ 2022 թ-ի հոկտեմբերին Պրահայում ձեռք բերվածները՝ 1991 թ-ի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ կապված:
ԵՄ-ն նաև կոչ է անում ակտիվացնել սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստակամ է աջակցելու այս գործընթացին։
Մենք կրկին զսպվածության և բոլոր վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու կոչ ենք անում։ ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ»,- ասված է հայտարարության մեջ։