23.11.2024
Մերձավորարևելյան զարգացումները Բաքվի վարչախմբի օգտին չեն․ իրանագետ
prev Նախորդ նորություն

ՔՊ-ն երեք ամիս ունի. ինչ է սպասվում Հռոմի կոնվենցիային. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջեւ միջադեպի պատճառ դարձած Հռոմի կանոնադրության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Ինչպես հայտնի է, մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, եւ Հայաստանի կառավարությունը կարող է շարունակել համաձայնագրի վավերացման գործընթացը։ Այս հանգամանքից հետո տարաբնույթ հայտարարություններ հնչեցին նաեւ այն մասին, թե այս քայլով Հայաստանը նաեւ դեմ է գնում ՌԴ-ին, եւ Արեւմուտքի պատվերով Վլադիմիր Պուտինը կձերբակալվի, հենց Երեւան մտնի: Սակայն ՍԴ-ի որոշումով կոնվենցիան ամենեւին էլ չի համարում վավերացված եւ չի կարող գործել: Իսկ ի՞նչ է սպասվում. բանն այն է, որ, ըստ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի, Ազգային ժողովն է վավերացնում միջազգային պայմանագրերը, այսինքն՝ առանց խորհրդարանի հաստատման Հռոմի ստատուտը չի կարող ուժի մեջ մտնել: Հստակ ժամկետներ կան այն ԱԺ ուղարկելու մասով. ՍԴ որոշումից հետո Հայաստանի կառավարությունն ունի երեք ամիս՝ ստատուտի վավերացման հարցը խորհրդարան ուղարկելու համար: Մեր տեղեկություններով՝ այս պահի դրությամբ իշխանությունները դեռեւս վերջնական որոշում չունեն կոնվենցիայի մասով, համենայնդեպս, գործադիրը դեռ օրենսդիր մարմին չի ուղարկել ստատուտը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները կուսակցության վարչության վերջին նիստից հետո մտափոխվել են Ալեն Սիմոնյանի մասով: Կասկադում ԱԺ նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից հետո իշխող ֆրակցիայի պատգամավորները, ոմանք՝ ներքին զրույցներում, իսկ ոմանք էլ անթաքույց լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարում էին, որ ֆրակցիան պետք է քննարկի նրա մասնակցությամբ միջադեպը: Պատգամավորներից մի քանիսն էլ, հավանաբար առաջին նախագահի առաջարկից ոգեւորված, հայտարարում էին, որ ֆրակցիան ԱԺ նախագահի պաշտոնանկության հարց պետք է քննարկի: Բայց, արի ու տես, ՔՊ վարչության վերջին նիստից հետո իշխող ֆրակցիայի ներսում տրամադրություններ են փոխվել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նիստին ո’չ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը, ո’չ էլ նրա պաշտոնանկության հարց չի քննարկվել: Թե որն է ՔՊ-ականների մտափոխության պատճառը, հասկանալի չէ: Հավանաբար, Ալեն Սիմոնյանին, չնայած ՔՊ մի թեւի ջանքերին, հաջողվել է պատգամավորների հետ լեզու գտնել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով այս հարցին, ասաց, որ ո’չ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը, ո’չ էլ նրա պաշտոնանկության հարց, առհասարակ, ֆրակցիան չի քննարկել:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում իրավիճակ է փոխվել՝ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի հարցով։ Եթե դեպքի օրը բոլորը վճռական էին, որ դատախազը պետք է մտնի ԱԺ՝ քրգործ հարուցելու միջնորդություն ներկայացնի ԱԺ-ին, ապա հիմա երկմտում են՝ գնա՞լ, թե՞ չգնալ այդ քայլին։ Այդ դեպքում, պետք է վերաբերմունք դրսեւորեն նաեւ իրենց թիմակցի՝ ԱԺ նախագահի նկատմամբ, ով մարմնական վնասվածք չի հասցրել, բայց անթույլատրելի արարք է կատարել։ Իշխանության ներկայացուցիչները, մի կողմից, ընդդիմադիր պատգամավորին պատժելու, անգամ կալանավորելու մեծ ցանկություն ունեն, մյուս կողմից՝ մտավախություն, որ դա կարող է կայծի դեր խաղալ, քանի որ Մհեր Սահակյանի արարքը հասարակական լայն շրջանակների կողմից անգամ դրվատանքի է արժանացել։ ՔՊ-ում կարծում են, որ Ալեն Սիմոնյանի արարքը «կտրեց» Մհեր Սահակյանի արածը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կմտնի խորհրդարան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հետեւից։ Նրա նկատմամբ պետք է քրեական վարույթ հարուցվի: Այս պահին իրավապահները հետեւում են քննության ընթացքին, որպեսզի վերջնական որոշում կայացնեն, թե Աննա Վարդապետյանը կոնկրետ ինչ պահանջով մտնի խորհրդարան՝ միայն անձեռնմխելիությունից զրկելու, թե նաեւ կալանքի միջնորդությամբ: Ասել է թե՝ Մհեր Սահակյանի կալանքի հարցը դեռ երեկվա դրությամբ որոշված չէր, իսկ թե ինչ կլինի այսօր կամ վաղը, կհետեւենք զարգացումներին: Իսկ հիմա այն մասին, թե ինչ հարցեր էին երեկ տալիս քննիչները ԱԺ պատգամավորներին. որտե՞ղ էիք դուք նստած, ինչի՞ց սկսվեց վեճը, Մհեր Սահակյանի ձեռքին ինչ-որ իր տեսե՞լ եք, որով նա հարվածել է Վլադիմիր Վարդանյանին, թե՞ ոչ, որտե՞ղ ընկավ Վլադիմիր Վարդանյանը, եւ այսպես շարունակ: Նկատենք, որ ՔՊ պատգամավորներից որեւէ մեկը հստակ չի ասել, որ Մհեր Սահակյանի ձեռքին որեւէ իր է եղել, որով նա հարվածել է Վարդանյանին: Քննիչները հետաքրքրվում են պատգամավորի ձեռքում եղած ինչ-որ առարկայի մասին, քանի որ Վլադիմիր Վարդանյանն է իր հաղորդման մեջ հստակ նշել, որ Մհեր Սահակյանը աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով հարվածել է իր ձախ հոնքին: Մհեր Սահակյանը պնդում է, որ բռունցքով է հարվածել:


«Հրապարակ» թերթը գրում է. Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանին թե՛ առաջին ատյանի եւ թե՛ վերաքննիչ քաղաքացիական դատարանները պարտավորեցրել են Թագուհի Թովմասյանից ներողություն խնդրել։ Նա 2021 թվականին Թագուհի Թովմասյանին ԱԺ դահլիճում անվանել էր «իդիոտկա», ինչի համար Թովմասյանը դիմել էր դատարան՝ վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու եւ փոխհատուցում վճարելու պահանջով։ Դատարանում Լենա Նազարյանն արդարացել է, թե «իդիոտ» բառը հունարենից թարգմանաբար նշանակում է «մեկուսացված մարդ», սակայն դատարանն այս ստուգաբանությունը հիմք չի ընդունել եւ նրան պարտավորեցրել է հրապարակային կերպով ներողություն խնդրել հետեւյալ տեքստով․ «Ես՝ Լենա Ռաֆայելի Նազարյանս, 03․06․2021թ․ ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում իմ կողմից Թագուհի Մանվելի Թովմասյանի հասցեին հնչեցված «իդիոտկա» վիրավորական արտահայտության համար ներողություն եմ խնդրում Թագուհի Մանվելի Թովմասյանից»։ Դատարանի այս որոշումը բողոքարկել են թե՛ Լենա Նազարյանը, թե՛ Թագուհի Թովմասյանը, վերաքննիչ դատարանը Նազարյանի բողոքը մերժել է, իսկ Թագուհի Թովմասյանի բողոքը բավարարել մասնակի ու «ներողությունից» բացի, հօգուտ Թագուհի Թովմասյանի, Նազարյանին պարտավորեցրել է վճարել 300 հազար դրամ՝ որպես փոխհատուցում։ Մենք տեղեկացանք, որ Լ. Նազարյանը վերաքննիչի որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարանում:


«Հրապարակ» թերթը գրում է. Կառավարությունը, ի դեմս ՊՆ-ի, առաջարկում է օրենսդրական փոփոխությամբ արգելել զինվորականներին քաղաքական կոչեր կամ հայտարարություններ հնչեցնել, զինվորական կամ ծառայողական համազգեստով հավաքների մասնակցել։ Նախագիծն արդեն ԱԺ-ում է եւ կընդունվի եկող շաբաթ։ Ինչո՞ւ է իշխանությունը գնում սրան, երբ Սահմանադրությամբ արդեն իսկ ամրագրված է, որ ՀՀ ԶՈՒ-ն պարտավոր է քաղաքական չեզոքություն պահպանել։ Իշխանական աղբյուրի կարծիքով՝ չնայած իշխանության թվացյալ հանգստությանը, Փաշինյանի վախերը լույսի արագությամբ աճում են, նա զգում է, որ բանակում մեծ դժգոհություն է հասունանում, մասնավորապես՝ ՀՀ սուվերեն տարածքը մաս-մաս Ադրբեջանին հանձնելու հետ կապված։ Նա հասկանում է, որ զինվորականներն իրենք են հեղափոխական ալիք բարձրացնելու, ուստի որոշել է նախապես կանխել վտանգավոր զարգացումները։


«Հրապարակ» թերթը գրում է. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ աշխատանքային քննարկում էր անցկացնում, որին մասնակցում էին նաեւ գործադիրի եւ ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Քննարկվում էր ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ անելու նախագծի աշխատանքային տարբերակը։ Քոչարյանը մտադիր է օրենսդրական փոփոխությամբ ընդդիմադիրների նկատմամբ շանտաժի լծակ ստանալ։ Այս նախագծով ԱԺ քննիչ հանձնաժողով չներկայանալու կամ տեղեկություններ չհայտնելու դեպքերը կճանաչվեն քրեորեն պատժելի արարքներ։ Քննարկմանը մասնակցում էր նաեւ ՔՊ ՄԻՊ թեկնածու, գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը։ Գաղտնիք չէ, որ Քոչարյանի ղեկավարած՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստերին չեն ներկայանում որոշ նախկին պաշտոնյաներ, այդ թվում՝ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը եւ այլք։ Քոչարյանը փորձում է քրեական մեղադրանքի շանտաժով նրանց բերման ենթարկել ԱԺ։ Մովսես Հակոբյանը չցանկացավ մեկնաբանել այս քայլը․ «Ինչ ուզում են, թող անեն, իրենց գործն է, դա իմ վերաբերմունքը չի փոխելու այդ հանձնաժողովի վերաբերյալ, ես այնտեղ անելիք չունեմ»։ Իսկ եթե քրեական պատիժ սահմանե՞ն։ «Թող դեռ օրենքը փոխեն, նոր կխոսենք»։ Հակոբյանի խոսքով՝ պատերազմի մասին իր տիրապետած ինֆորմացիան վաղուց հասանելի է իրավապահ կառույցներին։ Մեր տեղեկություններով՝ առաջիկայում հանձնաժողով կհրավիրվի Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը, ով արդեն մեղադրյալի կարգավիճակ ունի։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող Արթուր Հակոբյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործը քննիչները մի կողմ են դրել եւ ավելի կարեւոր գործերով են զբաղված: Այսինքն՝ իշխանական պատգամավորի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանական արարքը չի քննվում: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս գործը կկարճվի, քանի որ այդպես է ցույց տալիս ընթացքը: Բանն այն է, որ կարտոֆիլ վաճառող Արթուր Հակոբյանը միջադեպից հետո որպես կասկածյալ ձերբակալվել էր ու կարճ ժամանակ անց ազատ արձակվել: Իրավապահները լսել էին նաեւ պատգամավոր Աղազարյանին, ու մինչ օրս գործով այլ քննչական գործողություններ չեն կատարվել, քրեական գործով չկա մեղադրյալ, Արթուր Հակոբյանի նկատմամբ էլ քրեական հետապնդում չի իրականացվել: Դատելով իրավիճակից՝ իրավապահները հասարակական բուռն արձագանքից հասկացան, որ ՔՊ-ական պատգամավոր Աղազարյանը, մեղմ ասած, սարքել էր վաճառական քաղաքացու գլխին, եւ այլընտրանք չունեն, քան քրեական գործը կարճելը: Հիշեցնենք, որ պատգամավորը մարտի 3-ին աշխատանքի գնալու ճանապարհին՝ Տիգրանյան հասցեում, կարտոֆիլի վաճառքով զբաղվող Հակոբյանի հետ վեճ էր ունեցել, ոտքով հարվածել առեւտրականի կարտոֆիլի պարկերին ու երկու պարկ թափել փողոցում: Միջադեպի պատճառը «կարտոֆիլների փողոց» անունով հայտնի փողոցում կարտոֆիլ վաճառելն է եղել, որը դուր չէր եկել Աղազարյանին: