25.11.2024
Իշխան Սաղաթելյանը ԱՄՆ-ում քննարկել է ՀՀ-ում և Արցախում ստեղծված իրավիճակը
prev Նախորդ նորություն

«Պատիվ ունեմ»-ը հանդիպել է Շվեյցարիայի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանն ապրիլի 6-ին հանդիպել են ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:


Ողջունելով դեսպանին` Հայկ Մամիջանյանը կարեւորել է հայ-շվեյցարական միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը, համագործակցությունը միջազգային հարթակներում:


Խմբակցության ղեկավարն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով ստեղծված հումանիտար եւ անվտանգային խնդիրներին: Նշվել է, որ ադրբեջանական սադրանքներն ապացուցում են` Արցախը երբեւէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում:


Լեռնային Ղարաբաղում ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելու հարցում հայ խորհրդարանականները կարեւորել են միջազգային գործընկերների դերակատարությունը:


Խոսելով արցախահայերի անվտանգային խնդիրների մասին` խմբակցության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ անվտանգության երաշխիք կարող է լինել բացառապես կարգավիճակի խնդրի լուծումը` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:


«Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչներն անդրադարձել են նաեւ Հայաստանի ներքաղաքական խնդիրներին:


Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է նմանատիպ հանդիպումներն ընդդիմադիր գործընկերների հետ, որոնց ընթացքում հնարավորություն է լինում տեղեկանալու ներքաղաքական եւ տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ նրանց տեսակետներին:


Հանդիպմանն անդրադարձ է եղել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի: