25.11.2024
Հրայր Թովմասյանի նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չի հարուցվել
prev Նախորդ նորություն

Պետբյուջեի հարկային եկամուտները 2023 թ. առաջին եռամսյակում գերակատարվել են 14 մլրդ դրամով

Պետական բյուջեի հարկային եկամուտները 2023 թվականի առաջին եռամսյակում գերակատարվել են 14 միլիարդ դրամով։ Այս մասին նիստի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Ավելին, առաջին եռամսյակի եկամուտները 2022 թվականի առաջին եռամսյակի նկատմամբ աճել են 15,2 տոկոսով կամ շուրջ 60,8 միլիարդ դրամով։ 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հավաքագրված գումարներից հարկ վճարողներին վերադարձվել է 93,5 միլիարդ դրամ, որը 2022 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 82 տոկոսով կամ 42,2 միլիարդ դրամով: Սա հիշեցնեմ՝ այն դեպքն է, երբ մենք ավելացված հարկի, մի շարք հարկատեսակների գծով վերադարձնում ենք: 2018 թվականի դրությամբ Հայաստանում շուրջ 60 մլրդ դրամի այսպիսի գումար կար, որը տասնյակ տարիներով չէր վճարվել»:


Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առաջին եռամսյակում հավաքագրված գումարներից ֆիզիկական անձանց վերադարձվել է 13.4 մլրդ դրամ եկամտային հարկ, որը 2022 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 4.4 մլրդ դրամով կամ 49 տոկոսով.


«Սա այն պարագան է, երբ արդեն հատուկ օրենսդրական կարգավորմամբ մենք եկամտային հարկերից վերադարձնում ենք, մասնավորապես, հիփոթեքային վարկերի վճարման համար: Սա նշանակում է, որ մենք մարդկանց աջակցում ենք նորակառույցներում բնակարաններ են ձեռք բերելու համար»:


2023 թվականի առաջին եռամսյակում դուրս է գրվել 2.4 տրիլիոն դրամի հաշվարկային փաստաթուղթ, որը 2022-ի առաջին եռամսյակի համեմատ ավելի է 591 միլիարդ դրամով կամ 31.3 տոկոսով.


«Եթե վերցնենք միայն ՀԴՄ կտրոնները, ապա 2023-ի առաջին եռամսյակում տպվել է 564 մլրդ դրամի ՀԴՄ, որը 2022-ի առաջին եռամսյակի համեմատ ավելի է 48.7 մլրդ դրամով կամ 9.4 տոկոսով: Սա շատ կարևոր եմ համարում և ուզում եմ կրկին և անհոգնել, անընդհատ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր օրինապաշտ, օրինապահ հարկ վճարողներին, որովհետև նրանց գործունեության, աշխատանքի և օրինապահության արդյունքում է, որ մենք այս մասշտաբների ծրագրեր ենք կարողանում իրականացնել: Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ, ցավոք, մենք այստեղ շատ լուրջ խորքային պրոբլեմներ ենք շարունակում ունենալ: Չնայած լավ լուրն այն է, որ վերջերս մեր իրավապահ համակարգի գործունեության արդյունքում հարկերից խուսափելու մի նոր տեխնոլոգիական սխեմա ենք բացահայտել, որը դեռ մեզ շատ ինֆորմացիա կտա: Ես ուզում եմ այս ուղերձը շատ հստակ լինի՝ հարկերից խուսափելու պարագայում որևէ մեկը որևէ կոմպրոմիսի հույս չի կարող ունենալ, որովհետև խոսքը մեր երկրի այսօրվա և ապագայի կարիքները հոգալու պետության հնարավորության մասին է։ Ես ուզում եմ քաջալերել մեր իրավապահ մարմիններին, որպեսզի այս ուղղությամբ աշխատանքները շարունակվեն»: