23.11.2024
Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին ներկայացրել է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը
prev Նախորդ նորություն

Հինգ կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել. ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել հրապարակել ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղու հատվածում ադրբեջանական կողմի առաջխաղացման մասին` նշելով, որ հինգ կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել:


Հաղորդագրության մեջ ասվում է.


«Համաձայն 2022 թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ 2023 թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղով՝ միայն ՀՀ տարածքով:

2022 թ. օգոստոսից հետո Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի մի հատվածը՝ Կոռնիձորի կամրջից հետո, կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով: Ճանապարհի այդ հատվածն իր ամբողջ երկայնքով և հարակից տարածքով վերահսկվում էր ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից:

Համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ երկու երկրների սահմանապահները մարտի վերջին օրերին վերոհիշյալ հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմում:

Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացրել ինժեներական աշխատանքներ:

Հայկական կողմի հաշվարկներով՝ հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը:

Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ:

Խնդրո առարկա հատվածում ՀՀ բանակը դիրքեր չի ունեցել, որովհետև դիրքեր տեղակայվում են ոչ թե սահմանի գծին, այլ մոտակա ռազմավարական բարձունքների վրա: Իսկ սահմանի այդ հատվածի պահպանությունը պետք է անցներ սահմանապահ զորքերին՝ համաձայն վերը հիշատակված պայմանավորվածության»:


Ավելի վաղ Բաքուն պնդել էր, թե Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ է վերցրել մի շարք բարձունքներ, հիմնական ու օժանդակ ճանապարհներ և Լաչինի շրջանի Աղավնո և Տեղ գյուղերի միջև ընկած տարածքը։


Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, վստահեցրեց կառավարության մարտի 30-ի նիստին, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ընդամենը Հայաստան - Արցախ երթուղու փոփոխություն է կատարվել։