Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Լաչինի միջանցքում երթուղու փոփոխության մասին
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներով պայմանավորված երթուղու փոփոխության մասին:
"Ինչպես տեղյակ եք, 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ: Բայց քանի որ Լաչինի միջանցքը Հայաստանի Հանրապետությանը կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում Հայաստանի Հանրապետության տարածք Կոռնիձորի կամրջով, ապա նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից Հայաստանի Հանրապետության տարածք: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը:
Նախօրեին մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ, համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և որ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերն ստանձնելու են այդ հատվածում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը: Ընդգծեմ, որ սահմանապահ զորքերը տեղակայվելու են Հայաստանի Հանրապետության պետական սահմանին՝ այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս Պաշտպանության նախարարության ստորաբաժանումներն էին տեղակայված: Պիտի արձանագրեմ, որ քիչ առա? ? ադրբեջանական լրահոսում հայտնվեցին տեղեկություններ, որոնք փորձ են անում տեղի ունեցածը ներկայացնել որպես մի հերթական բլոկբաստեր, կներեք այս բառի համար:
Այս մոտեցումն առնվազն կառուցողական չէ: Կրկնում եմ, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել՝ այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի, իրականացնել Սահմանապահ զորքերի միջոցով: Այսինքն՝ փոփոխությունը, որ տեղի է ունենում, հետևյալն է. նույն դիրքերից՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով Պաշտպանության նախարարության ստորաբաժանումները դուրս են գալու՝ ըստ պլանի, և նրանց փոխարեն տեղակայվելու են Սահմանապահ զորքե րի ստորաբաժանումներ: Մենք այդ նույն առաջարկով հանդես ենք եկել նաև Ադրբեջանին, որպեսզի նույնը տեղի ունենա Ադրբեջանի կողմից: Հույս ունեմ, որ այս գործընթացը տեղի կունենա առանց սադրանքների",- նշեց նա: