29.03.2024
Սերժ Սարգսյանը չի բացառում իր վարչապետ դառնալը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Բաց նամակ. «Գլոբալ հայերի ապագան այսօր է»

«Հայաստանի Հանրապետություն» եւ The New York Times թերթերում այսօր հրապարակվել է «Գլոբալ հայերի ապագան այսօր է» վերնագրված բաց նամակը՝ ստորագրված տարբեր երկրներում բնակվող անվանի հայերի կողմից:

Նամակը հրապարակվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-րդ տարեդարձի առիթով: Այն ստորագրել են Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը, Շարլ Ազնավուրը, Լորդ Արա Դարզին, Սամվել Կարապետյանը, Արթուր Ջանիբեկյանը եւ այլոք:

Նամակի տեքստը ներկայացնում ենք ստորև:

Պատմական հնարավորություն՝ հայերի միավորման եւ Հայաստանի ապագան միասնաբար կերտելու համար

Այս շաբաթ աշխարհի խոշորագույն հայկական կազմակերպությունը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Նյու Յորքում տոնում է իր 110-րդ տարեդարձը: Այս հանգրվանը բացառիկ հնարավորություն է Հայաստանի ապագան վերաձեւելու համար եւ մտածելու, թե մեզանից յուրաքանչյուրն ինչպես կարող է մասնակցել վաղվա առավել հզոր Հայաստանի կերտմանը:

Հայաստանում եւ Սփյուռքում ծառացող մարտահրավերներին դիմակայելու համար հիմնված ՀԲԸՄ-ն տարիների ընթացքում խթանել է սոցիալ-տնտեսական նախաձեռնությունները եւ աշխարհով մեկ հոգացել կրթական, մշակութային եւ մարդասիրական կարիքները: Մենք շնորհավորում ենք ՀԲԸՄ-ին Սփյուռքի համայնքներում հայկական ինքնության պահպանման գործում անգնահատելի դերի կապակցությամբ:

Նախնիների հողից բռնի տեղահանված աշխարհասփյուռ հայերն իրենց ապաստան տված երկրների զարգացման գործում մեծ ավանդ են ունեցել: Մենք վաղուց սովորել ենք ինտեգրվել մեզ հյուրընկալած երկրներում եւ հավատարիմ քաղաքացիներ լինել՝ Հայ եկեղեցու եւ քրիստոնեական մեր հավատքի միջոցով պահպանելով պատմական ինքնությունը եւ լեզուն:

Մենք ողջունում ենք բոլոր հայորդիների եւ կազմակերպությունների՝ Հայ Ավետարանչական Ընկերակցության, Հայ Օգնության Միության, Գյուլբենկյան հիմնադրամի եւ մյուսների երկարաժամկետ նվիրատվությունները, որոնք նպաստել են Սփյուռքի պահպանմանը բարեգործական ծրագրերի միջոցով:

Ւ թիվս այլոց, մենք ճանաչում ենք անկախությունից ի վեր Հայաստանի զարգացման գործում հսկայական ավանդ ունեցած բարերարներ Քըրք Քըրքորյանի եւ Լուիզ Սիմոն Մանուկյանի անունները: 1990-ականների սկզբին այս առաջամարտիկների ջանքերը կենսական նշանակություն ունեցող հաստատություններ եւ ենթակառուցվածքներ ստեղծելու հնարավորություն տվեցին:

Նախկին Խորհրդային Միությունից անկախանալուց քառորդ դար անց Հայաստանի երիտասարդ հանրապետությունը դեռեւս խոցելի է, ինչպես եւ հայկական ինքնությունն աշխարհում: Այժմ մենք պատմական խաչմերուկում ենք եւ սթափ գնահատելով առկա մարտահրավերները, առջեւում նաեւ աննախադեպ հնարավորություն ենք տեսնում: Դա Հայկական աշխարհը բարգավաճման մղելու, հետխորհրդային պետությունը գլոբալ ազգի համար զարգացող, ժամանակակից, անվտանգ, խաղաղ եւ առաջադեմ հայրենիք դարձնելու հնարավորությունն է: Ոչ միայն Ցեղասպանությունը վերապրելու, այլեւ վերածնվելու եւ առաջ գնալու հնարավորությունն է:

Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորությունն է՝ ոչ միայն հանուն մեր քաղաքացիների, այլեւ երեխաների ու մեր ժողովրդի ապագայի:

Առաջ շարժվելով՝ ողջ աշխարհի հայությունն առավել հանձնառու պետք է լինի՝ սոցիալական ազդեցության թե առեւտրային ներդրումների, նորարարությունների, փորձի, թե ակտիվ ներգրավման միջոցով: Երկարաժամկետ հեռանկարում մենք պետք է ձգտենք առնվազն համապատասխանեցնել Հայաստանը համաշխարհային այնպիսի չափանիշներին, ինչպիսիք գործում են մեզանից շատերին հյուրընկալած երկրներում:

Անհատական ջանքերից բացի, մենք ցանկանում ենք բոլոր հայորդիների եւ հայկական կազմակերպությունների միջեւ համագործակցության եւ համախմբման աննախադեպ ոգի ստեղծել: Կոչ ենք անում հայերին ազգի սոցիալական, տնտեսական, մշակութային եւ տեխնոլոգիական ուժը վերականգնելու ուղղությամբ երկարաժամկետ ներդրումներ իրականացնել՝ առանցքում ունենալով Հայաստանը: Միեւնույն ժամանակ, մենք Հայաստանի կառավարությանը զարգացման նոր, համատեղ ջանքերի վրա հիմնված ռազմավարություններ ներդնելու միջոցով այս ուղերձին արձագանքելու կոչ ենք անում:

Հանուն Հայաստանի առաջխաղացման աշխատող անհատները, ինչպես նաեւ հասարակական եւ մասնավոր կազմակերպությունները հայ ժողովրդի ապագան ավելի լավը դարձնելու համար պետք է համախմբվեն, միավորեն իրենց միջոցները եւ համագործակցեն: Մենք վստահ ենք, որ հաջողության հասնելու համար չի կարելի մեկուսացած՝ որպես Հայաստան եւ Սփյուռք գործել. մենք պետք է համախմբվենք եւ միասնական ուժ դառնանք:

Մենք այս քայլը նախաձեռնում ենք Հայաստանը միասնաբար առաջ մղելու երկարաժամկետ հանձնառությամբ եւ ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր կմիանան մեզ:

Միասին մենք «Գլոբալ հայերն» ենք: Եկել է ժամանակը, որ գլոբալ հայերը հանդես գան համարձակ նախաձեռնությամբ:

Նուբար Աֆեյան (ԱՄՆ)
Ռուբեն Վարդանյան (Ռուսաստան)
Գագիկ Ադիբեկյան (Լյուքսեմբուրգ)
Անդրե Անդոնյան (Ճապոնիա)
Աբել Աղանբեկյան (Ռուսաստան)
Տ. Մեսրոպ Արամյան (Հայաստան)
Կարո Արմեն (ԱՄՆ)
Շարլ Ազնավուր (Շվեյցարիա)
Լորդ Արա Դարզի (Մեծ Բրիտանիա)
Էդվարդ Պ. Ջերեջյան (ԱՄՆ)
Չարլզ Ղայիլյան (ԱՄՆ)
Սալբի Ղազարյան (ԱՄՆ)
Վարդան Գրեգորյան (ԱՄՆ)
Պիեռ Գյուրջյան (Բելգիա)
Արթուր Ջանիբեկյան (Ռուսաստան)
Սամվել Կարապետյան (Ռուսաստան)
Անդրեյ Մկրտչյան (Հայաստան)
Միխայիլ Պողոսյան (Ռուսաստան)
Գրեգ Սարգսյան (Կանադա)
Սեմ Սիմոնյան (ԱՄՆ)
Սերժ Չուրուկ (Ֆրանսիա)
Պատվելի Տիգրան Թեւրիզյան (ԱՄՆ)
Ռալֆ Յիրիկյան (Հայաստան)
Հոկտեմբերի 28-ին Մոսկվայում կբացվի Հայաստանի առևտրի տունը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար