23.11.2024
Կարեն Կարապետյանը հանդիպել է Դմիտրի Մեդվեդևին
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը չի բացառում իր վարչապետ դառնալը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի բացառում, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո կարող է վարչապետ դառնալ: Հերթական ընտրությունները կկայանան արդեն նոր սահմանադրությամբ, որն առաջարկում է կառավարման խորհրդարանական մոդելի անցում: Այսինքն՝ երկրի կառավարման ղեկն անցնում է կառավարության ղեկավարին:

Հայաստանին նվիրված ֆիլմում, որը պատրաստել է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը, առկա է Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցի մի դրվագ, որում լրագրողի հարցին, թե արդյո՞ք մտադիր է քաղաքական գործունեությունը շարունակել արդեն վարչապետի պաշտոնում, ՀՀ նախագահն ասում է.

«Ես կարծում եմ, որ դեռ վաղ է այդ մասին խոսել: Դա նույնն է, ինչ ձուկը ջրում՝ խոսես այն բաժանելու մասին: Ավելի առարկայական այս հարցին անդրադառնալու համար Հանրապետական կուսակցությունը դեռ պետք է ընտրություններում ստանա ընտրողների ձայների մեծամասնությունը», - ասել է Սարգսյանը:

Հիշեցնենք, 2014 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը, սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեկնարկին, պաշտոնապես հայտարարել էր, որ
այլևս երբեք չի առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար․

«Եթե նոր սահմանադրության վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- ասել էր երկրի ղեկավարը: