24.11.2024
Եռակողմ հայտարարության ոչ մի կետ չկա, որը Ադրբեջանը չի խախտել. Արարատ Միրզոյան
prev Նախորդ նորություն

Կարեւորում ենք Հայաստան-Գերմանիա հարաբերությունների դինամիկ զարգացումը. Վլադիմիր Վարդանյան

Մենք կարեւորում ենք Հայաստան-Գերմանիա հարաբերությունների դինամիկ զարգացումն ու միջխորհրդարանական կապերի ակտիվացումը. նշել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը մարտի 20-ին Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսների գլխավորած պատվիրակության հետ կայացած հանդիպման ժամանակ:


Տաբեա Ռյոսները շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ լինելով նորաստեղծ պատգամավորական խումբ, որը պատասխանատու է տարածաշրջանի երկրների հետ համագործակցության հարցում` առաջին այցն իրականացնում է Հայաստան: Նա տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` վերջերս Գերմանիա այցի ընթացքում իրենք հնարավորություն են ունեցել շփվելու նաեւ հայ խորհրդարանականների հետ: Տաբեա Ռյոսները հույս է հայտնել, որ այս այցը Հայաստան կնպաստի խորհրդարանների միջեւ համագործակցության էլ ավելի ակտիվացմանը:


Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներ Հայկ Մամիջանյանն ու Սեյրան Օհանյանը կարեւորել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը, ըստ որի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով` տարածքային ամբողջականության եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հավասար սկզբունքների հիման վրա:


Հայկ Մամիջանյանը գերմանացի գործընկերների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում նախապատրաստվող ցեղասպանական գործողությունների վերահսկման անհրաժեշտությանը: Պատգամավորն անդրադարձել է նաեւ Բաքվում պահվող հայրենակիցների ճակատագրին վերաբերող հարցին:


Սեյրան Օհանյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական գործողությունները, սադրանքներն ու ոտնձգություններն իրականացվել են բացառապես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման գաղափարին հակընդդեմ:


Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, կարեւորվել է այդ հարցում միջազգային հանրության հետեւողական ուշադրությունը եւ արձագանքը:


Հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամներ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցութան ղեկավար Սեյրան Օհանյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը եւ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը: