24.11.2024
Պարեկների գործունեությանը խոչընդոտելու կասկածանքով 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
prev Նախորդ նորություն

Ունենք արդեն 1565 ուսուցիչ, որոնց աշխատավարձը միջինում կրկնապատկվել է. նախարար

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Կրթության զարգացման պետական ծրագրին, նշել է, որ ռազմավարության մաս է կազմում նաև ուսուցիչների ատեստավորումը, որի լավարկման վերաբերյալ կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է որոշում:


Արձագանքելով՝ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ լավարկման արդյունքում հնարավորություն է տրվում այս պահին դպրոցում չաշխատող, բայց ուսուցչի որակավորման պահանջներին բավարարող մարդկանց նույնպես մասնակցել կամավոր ատեստավորմանը. Ըստ նախարարի՝ այս մեխանիզմը հնարավորություն կտա խթանելու նոր և որակյալ կադրերի մուտքը դպրոց, ինչի կարիքը միանշանակ կա. «Դրա հաջող արդյունքի պարագայում կունենանք դպրոց մտնելու ավելի մեծ մոտիվացիա»:


Անդրադառնալով կամավոր ատեստավորման գործընթացին, որն իրականացվում է 2021 թվականից, Ժաննա Անդրեասյանը նշել է.


«Այս պահի դրությամբ ունենք արդեն 1565 ուսուցիչ, որոնց աշխատավարձը միջինում կրկնապատկվել է: Եթե միջին դրույքաչափը 125 հազար է, ապա միջին եկամուտը միայն կամավոր ատեստավորման արդյունքում կազմում է 250 հազար դրամ և ավելի, իսկ առավելագույնն ունենք 450 հազար դրամ վարձատրություն ստացող ուսուցիչներ: Ընդ որում՝ պետք է նշեմ, որ ուսուցիչների շուրջ 28 տոկոսը ստանում է 300 հազար դրամ և ավելի վարձատրություն, և ունենք շուրջ 150 ուսուցիչ, որոնք ստանում են 350 հազարից 450 հազար դրամ վարձատրություն: Սրան գումարվում են նաև այլ հավելավճարները, ինչպես տարակարգի մեխանիզմի դեպքում: Ունենք տարակարգ ունեցող շուրջ 300 ուսուցիչ, որոնց համար հավելավճարի համակարգ է գործում»:


Նախարարը հայտնել է նաև, որ այս տարի ատեստավորմանը կկարողանան մասնակցել բոլոր դասարանների, բոլոր առարկաների ուսուցիչները: Կարգի հաստատումից հետո, մինչև ամսվա վերջ դիմումների ընդունման գործընթացը կմեկնարկի:


«Երեկվանից մեկնարկել է նաև դիմումների ընդունումն արտադպրոցական հաստատությունների կամավոր ատեստավորման գործընթացի համար, որը վերաբերում է երաժշտական, արվեստների, մարզադպրոցների մանկավարժներին։ Մարտի 9-ից ընդունվում են նաև մանկապարտեզների մանկավարժների դիմումները, որտեղ 30-50 տոկոս հավելավճար է գործում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։


Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Ազգային ժողովն արդեն ընդունել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, որով սահմանվել է՝ կենսաթոշակային տարիքի լինելն ինքնին դեռ աշխատանքից ազատելու հիմք չէ:


«Նախկինում այդպիսի կարգավորում կար: Հիմա այս կարգավորումը վերաբերում է նաև ուսուցիչներին: Մենք այս օրենքի փոփոխությամբ հնարավորություն ենք ստեղծել, որպեսզի նաև կենսաթոշակային տարիքի ուսուցիչներն ատեստավորվեն: Նախկինում ինչի՞ համար էր այդ կարգավորումը, նաև դպրոցներում, որովհետև այդպիսի տեսակետ կար, ո ր կենսաթոշակային տարիքն անց ուսուցիչների աշխատանքի արդյունավետությունն ընկնում է, երիտասարդներին ճանապարհ չեն տալիս: Բայց մենք այդ կարծիքին չենք՝ միևնույն ժամանակ ընդունելով, որ այդ ռիսկը կա և գոյություն ունի: Կարծում եմ՝ շատ լավ մեխանիզմ է, մոտիվացիա է կենսաթոշակային տարիքի այն ուսուցիչների համար, որոնք ցանկանում են կամավոր ատեստավորում անցնել: Ուզում եմ հիշեցնել՝ երրորդ տարում ատեստավորում չանցած որևէ ուսուցիչ դպրոցում չի աշխատելու: Նախ իրենց աշխատավարձը կբարձրանա, երկրորդ՝ այլ կարգի մտավախությունները կփարատվեն, և մենք նաև ուսուցիչների կադրային բազան լրացնելու այդ հնարավորությունը նույնպես կօգտագործենք»,- ասել է վարչապետը:


Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ անհրաժեշտ է մեխանիզմներ գործարկել, որպեսզի երիտասարդ ուսուցչական կադրերի համար ատեստավորման պահանջը խոչընդոտ չդառնա:


Կառավարության մեկ այլ որոշումներով էլ հաստատվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը, ինչպես նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ  ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: