«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը քննարկվել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 13-ի նիստում:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ 2022 թվականին գրանցվել է բարձր տնտեսական աճ՝ կազմելով 12.6 տոկոս, ինչը 2008 թվականից հետո ամենաբարձր ցուցանիշն է: Ապրանքների արտահանման աճը կազմել է 77,7 տոկոս, արտաքին առեւտրաշրջանառության ծավալը շուրջ 14 մլրդ 128 մլն դոլար է եղել: Բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման ծավալը կազմել է 360 մլն դոլար: Ապրանքների եւ ծառայությունների արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը 2022 թվականին կազմել է 47,7 տոկոս՝ 2021 թվականի ցուցանիշի նկատմամբ ավելանալով 12,3 տոկոսային կետով: ԵԱՏՄ հետ համագործակցության տեսանկյունից մի շարք ոլորտներում էական տեղաշարժեր են գրանցվել: 2022 թվականի փետրվարից մինչեւ 2023 թվականի մարտի մեկը Հայաստանում գտնվող Ռուսաստանի, Բելառուսի եւ Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող անձանց ընդհանուր թվաքանակը կազմել է 113.753 անձ:
Նախարարի խոսքով ՌԴ մեծաթիվ քաղաքացիներ իրենց տնտեսական գործունեության կենտրոնը մասամբ տեղափոխել են Հայաստան: Իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում 2022 թվականի ընթացքում Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող հիմնադիրներով պետական գրանցում են ստացել 7328 կազմակերպություն եւ անհատ ձեռնարկատերեր, 2345 ընկերություն եւ մոտ 5000 անհատ ձեռնարկատեր: Էական աճ է գրանցվել նաեւ ԵԱՏՄ երկրներից Հայաստան այցելած զբոսաշրջիկների գծով: Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին արտահանումը ԵԱՏՄ երկրներ կազմել է մոտ 2,5 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 2,8 անգամ: Ներմուծումը կազմել է 2,7 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 49 տոկոսով: ՌԴ-ի հետ առեւտրաշրջանառությունը կազմել է 5 մլրդ 33 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճել է 91,7 տոկոսով: Բելառուսի հետ առեւտրաշրջանառությունը կազմել է 185,8 մլն դոլար, Ղազախստանի հետ` 41,9 մլն դոլար, Ղրղզստանի հետ` 6,5 մլն դոլար:
Նախարարը նշել է, որ Հայաստանը շարունակել է ակտիվ ներգրավվածությունը ԵԱՏՄ գործընթացներում: 2022 թվականի ընթացքում շուրջ 1300 ապրանքային անվանումների ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքի ժամանակավոր զրոյացման մեխանիզմը դրական ազդեցություն է ունեցել գնաճի զսպման վրա: Վահան Քերոբյանը տվյալներ է ներկայացրել նաեւ ոլորտում իրականացված քաղաքականության, ստորագրված համաձայնագրերի նշանակության, ֆինանսավորված ծրագրերի արդյունավետության վերաբերյալ:
Պատասխանելով պատգամավոր Շիրակ Թորոսյանի՝ տնտեսական ազատության ինդեքսի նվազմանը վերաբերող հարցին՝ Վահան Քերոբյանը պարզաբանել է, որ տնտեսական ազատությունն աշխարհի բոլոր երկրներում էլ նվազել է այս տարի, քանի որ բարձր գնաճի պարագայում երկրների թե՛ դրամավարկային, թե՛ հարկաբյուջետային քաղաքականությունները մեծամասամբ զսպող են եղել: Նախարարը կարեւորել է կապիտալ ներդրումների ծավալի ամբողջական ապահովումը: Նա վստահեցրել է, որ բարեփոխումներ են արվում, օրենսդրական դաշտը փոփոխվում է՝ կոռուպցիայի համար սողանցքները հնարավորինս նվազեցնելու համար:
Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն անդրադարձել է Հայաստանում կայուն արտադրություններ ստեղծելու կարեւորությանը եւ այս ուղղությամբ իրականացվող քայլերին, շինթույլտվությունների ուշացման տնտեսական հետեւանքներին, տնտեսական շուկաներում արված վերլուծություններին, կրթական համակարգում իրականացվող ոլորտային բարեփոխումներին եւ ոլորտային քաղաքականությանը:
Միքայել Թումասյանն էլ խոսել է զբոսաշրջության բնագավառի, հյուրանոցային եւ հյուրատնային ծառայություններ մատուցող ընկերությունների խնդիրների մասին: Ներկայացնելով զբոսաշրջության ոլորտում վիճակագրական տվյալներ՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ զբոսաշրջությանը վերաբերող օրինագիծ է մշակվում, որով ոլորտի մի շարք խնդիրներ կլուծվեն: Արտագնա զբոսաշրջային օպերատորների նկատմամբ ֆինանսական պահանջները մեծանալու են, ներդրվելու է ֆինանսական երաշխիքների ինստիտուտը: Նա հավաստիացրել է, որ քայլեր են արվում զբոսաշրջության ոլորտը զարգացնելու եւ հյուրանոցային ոլորտը գրավիչ դարձնելու ուղղությամբ:
Զեկույցի շրջանակում ֆինանսների ոլորտում իրականացված աշխատանքներին եւ անելիքներին անդրադարձել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նախարարը ներկայացրել է իրականացված աշխատանքները, որոնցում տեսակարար կշիռ ունեին օրենսդրական նախաձեռնությունները:
«Ընդլայնվել է ԱԱՀ-ից սահմանի վրա չհարկվող ապրանքների ցանկը, ընդունվել է հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ օրենքը, որի արդյունքում հանրային ծառայողները 2024 թվականին հաշվետվություն կներկայացնեն 2023 թվականի իրենց եկամուտների վերաբերյալ: Սրա հետ կապված՝ շուտով կներկայացվի սոցիալական կրեդիտների նվազեցումների հնարավորությունների ցանկը: Փոփոխություններ են իրականացվել «Տուրքերի մասին» օրենքում: Բարեփոխվել է միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը` այն դարձնելով առավել թիրախային»,- նշել է Վահե Հովհաննիսյանը:
Ֆինանասների նախարարի տեղեկացմամբ բարելավվել է բյուջետային պլանավորման մակարդակը՝ փորձելով բոլոր ծրագրերը եւ միջոցառումները կապել առկա ռազմավարություններին: Համակարգի բարելավման գործընթացը շարունակվելու է. նախատեսվում է առաջարկել անցում կատարել 3 տարվա բյուջետային պլանավորման համակարգին:
Նախարարությունն աշխատանքներ է իրականացնում տարբեր երկրների հետ՝ կրկնակի հարկման համակարգի հետ կապված: Ակնկալվում է, որ առաջիկայում համաձայնագրեր կստորագրվեն:
ԵԱՏՄ-ի հետ աշխատանքների մասով նախարարը տեղեկություններ չի հայտնել՝ նշելով, որ ավարտված աշխատանքներ դեռեւս չկան, դրանք ընթացքում են:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն էլ նշել է, որ այցերից հետո գործընկեր երկրների հետ ձեռքբերված պայմանավորվածությունները շրջանառվում եւ հասցեագրվում են: Մասնավորապես, անդրադառնալով Հնդկաստանի օրինակին՝ նա տեղեկացրել է, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ աշխատուժի, կրթության, ռազմարդյունաբերության ոլորտներում: Նախատեսվում է ստեղծել հայ-հնդկական առեւտրական հարթակ, գործարար խորհուրդ: Նման հարթակ ստեղծվել է անցյալ տարի, երբ Իրաքյան Քուրդիստանից Հայաստան էին ժամանել 80-ից ավելի գործարարներ, անցկացվել են մի քանի ֆորումներ:
Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն: