VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. Կիրակի օրը Արցախում տեղի ունեցած ահաբեկչական միջադեպից հետո, որին զոհ գնաց երեք ոստիկան, Արցախում կրկին աճել են հակառուսական տրամադրությունները։ Հասարակական սեկտորի ներկայացուցիչներն առաջիկայում պատրաստվում են խաղաղապահների զորամիավորման կենտրոնի առջեւ բողոքի ցույցեր անել՝ պահանջելով խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հրաժարականը։ ՀԿ սեկտորի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը ԱՀ իշխանություններից հրապարակային պահանջել է նաեւ՝ զինել արցախցիներին՝ ինքնապաշտպանության նպատակով, քանի որ միջադեպը տեղի է ունեցել Ստեփանակերտի քթի տակ՝ առավելագույնը երեք կիլոմետր հեռավորության վրա։ Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո ԱՀ իշխանությունները պարտավորություն էին ստանձնել՝ սահմանամերձ համայնքների բնակիչներին զենքով ապահովելու, սակայն մինչ օրս չեն կատարել իրենց խոստումը։ Բայց դիվերսիայից հետո հրահանգ են իջեցրել՝ ոչնչացնել հարձակված ահաբեկիչներին, որոնց դիակները մնացել են դեպքի վայրում ընկած։ Դիակները թույլ են տվել տանել միայն ռուս խաղաղապահների միջնորդությունից հետո։
«Հրապարակ» թերթը գրում է. Փետրվարի 20-ին Հայաստան ժամանեց Եվրոպական Միության 100 քաղաքացիական դիտորդ, որոնցից 50-ն անզեն է, իսկ մյուս 50-ը հայտնի չէ, թե ինչով է զինված։ Մինչ այժմ հստակ հայտնի չէ, թե ինչ գործառույթ են կատարելու ԵՄ դիտորդները, միայն հայտարարվել է, որ «նպաստելու են սահմանամերձ շրջաններում կայունությանը, մարդկանց համար վստահություն եւ անվտանգություն կառուցելուն, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար միջավայրի ստեղծմանն են աջակցելու»։ Հայտնի է, որ դիտորդները 2 տարով են եկել Հայաստան, նրանց օպերատիվ շտաբը գտնվում է Եղեգնաձորում, սակայն սահմանամերձ համայնքներում դիտարկում իրականացնելու համար խմբեր են ձեւավորվել։ Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ շրջանները դիտարկելու համար ստեղծված խումբը տեղակայվել է Մարտունի քաղաքում՝ հենց քաղաքի մատույցներում գտնվող հյուրանոցներից մեկում, թեեւ պարբերական զինված բախումներն ու Ադրբեջանի կողմից սադրանքները Վարդենիսի սահմանային հատվածում են տեղի ունենում։ Հավանաբար, ԵՄ դիտորդները նախընտրել են համեմատաբար ավելի անվտանգ հատվածում տեղակայվել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում լարվածությունը եւ հակասությունները գնալով խորանում են: Բանն այն է, որ ՔՊ-ականները բաժանված են մի քանի խմբերի. մի թեւը Անդրանիկ Քոչարյանի շուրջ են, մյուսը, այսպես կոչված, նախկին ՀԿ սեկտորի թեւն է, որոնք անվերապահ աջակցում են Արսեն Թորոսյանին, վերջինիս համարում են արդարության առաջամարտիկ, որ համարձակվեց ՔՊ կուսակցության վարչության կեղծված ընտրությունների մասին բարձրաձայնել ներսում, բողոքարկել: Հաջորդը Ալեն Սիմոնյանի թեւն է, եւ կա նաեւ «փաշինյանականների թեւ», որոնք խմբակցության ներսում կատարվող ցանկացած իրադարձություն շտապում են հայտնել Փաշինյանին ՍՄՍ-ներով, որպեսզի նրա աչքին բարձրանան: Ահա այս խմբերը առիթը բաց չեն թողնում տարբեր առիթներով իրար մեղադրելու եւ միմյանց վրա ցեխ շպրտելու՝ նաեւ մեդիա տիրույթ նետելով բազմազան լուրեր: Հատկապես լարված են «քոչարյանական» եւ «թորոսյանական» թեւերի հարաբերությունները: Բանն այն է, որ Անդրանիկ Քոչարյանի «աջակիցները» փորձում են ամեն կերպ թուլացնել Թորոսյանի դիրքերը կուսակցության ներսում, ինչպես նաեւ Թորոսյանի հետ կապված հակաարշավ են տանում Փաշինյանի մոտ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ներքին գործերի նախարարությունը հրաժարվում է տրամադրել հանրային շահ ներկայացնող հարցման պատասխանը՝ խախտելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքը: Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթը մարտի 1-ի իր համարում հոդված էր հրապարակել այն մասին, որ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երթեւեկում է օպերատիվ համարանիշներով, ինչի իրավունքը չունի: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն, թե ով է ԱԺ պատգամավորին տրամադրել այդ համարանիշները, եւ ինչու է նա շրջում օպերատիվ համարանիշներով, եթե չունի դրա իրավունքը: Ի վերջո, դրանք ամենեւին ԱԺ բալանսում գտնվող համարանիշներ չեն, ուժային այլ կառույցներից մեկին է պատկանում (չենք հրապարակում՝ որ մեկին): Եվ, ահա, Ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից ստացել ենք պատասխան. «Ի պատասխան Ձեր՝ 28.02.2023 թ. գրության՝ տեղեկացնում ենք, որ գործող օրենսդրական կարգավորումների ուժով հայցվող տեղեկատվությունը հնարավոր չէ տրամադրել»։
Այսինքն՝ նորացված ոստիկանությունը հայտնում է, թե գաղտնի տեղեկություն է հարցվածը: Սա էլ իր հերթին նշանակում է, որ իրականում Անդրանիկ Քոչարյանի ծառայողական ավտոմեքենայի համարանիշները օպերատիվ համարանիշներ են, քանի որ միայն այդ դեպքում է անհայտ, թե պետհամարանիշի տերն ով է։ Տեղեկացնենք, որ օպերատիվ պետհամարանիշը ենթադրում է բառի բուն իմաստով անպատիժ երթեւեկություն. կարող ես արագ վարել, հոծ գիծ հատել, երկրորդ շարքում կանգնել, մի խոսքով, ինչ ճանապարհատրանսպորտային կանոնների խախտում ուզես՝ կարող ես անել, միեւնույնն է, չես տուգանվում: Դա պատճառաբանվում է որպես ծառայողական անհրաժեշտություն: Տեսահսկողության խցիկներն էլ օպերատիվ համարանիշներով ավտոմեքենաների խախտումները չեն գրանցում: Խոսքն այս դեպքում 610 CM 61 համարանիշի մասին է: Եւս մեկ անգամ շեշտենք, որ մեր հարցված տեղեկությունը հանրային շահ է հետապնդում, եւ հանրությունն էլ պետք է իմանա, թե ինչու է պատգամավորին այդպիսի համար տրամադրվել: Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, սակայն, որոշել է հովանավորել Անդրանիկ Քոչարյանին՝ թերեւս մտավախություն ունենալով, որ նոր դավեր կարող է նութել իր դեմ:
«Փաստ» օրաթերթը գրում է. Հայտնի խոսք կա այն մասին, թե ի՛նչն է խանգարում վատ պարողին: Բայց միայն այդ չէ: Վատ պարողին կամ, առհասարակ, պարել չիմացողին խանգարում է ամեն ինչ՝ ասացվածքում նշվածը, բեմի հարթությունը, նվագախումբը, հանդիսատեսը, վերջապես բուն պարը: Ավտոմեքենան վատ վարողին կամ վարել չիմացողին նույնպես ամեն ինչ է խանգարում. ճանապարհը, ճանապարհային նշանները, մյուս բոլոր վարորդները, մայթը, ուղևորները, հետիոտները, ոստիկանները, տո՛ հենց մեքենան է խանգարում, եթե կուզեք: Հիմա Նիկոլ Փաշինյանինն է: Գերմանիա կատարած այցի ընթացքում տեղի հայության հետ հանդիպման ժամանակ ուղիղ, կարել է ասել՝ առճակատ հարց են տալիս, ավելի ճիշտ՝ դիտողություն են անում, թե՝ չեք տեսնո՞ւմ, որ ձեր մոտ չի ստացվում, քանի գնում՝ այնքան վիճակն ավելի է վատանում, պատասխանատվություն չեք վերցնում... Նիկոլ Փաշինյանը երկար-բարակ, տակիցգլխից խոսում է, ու հայտարարում, որ եթե անգամ ծնկները ծալվեն էլ, ապա պատասխանատվությունը չի թողնելու ու նման բաներ: Ասել կուզի՝ իշխանության բեռի տակ կճկռի, սատանան գիտի, թե Հայաստանի հետ ինչ կլինի, միայն թե ինքը լինի վարչապետը, գլուխը՝ քարը, թե երկիրը չի կործանվի:
Հետո էլ պատկերավոր է արտահայտվել՝ համեմատություն անելով մեքենայի հետ: Դե, ինքն ինքը չէ, քանի դեռ չի «սնիկերսել», կներեք, «նախկինների» հասցեին ոչ մի բան չի ասել: Հիմա էլ, ըստ Փաշինյանի, «Հայաստան» մակնիշի մեքենան, որի ղեկին նա, նկատենք, հայտնվեց «պռավայի» քննությունը շրջանցելով, լավը չէր: Ասում է՝ իբր, տարիներով յուղ չէին փոխել, անսարքություն չէին վերացրել, ակն էլ՝ ընթացքի պահին մեքենայի տակից թռավ: Դե, «խեղճ Փաշինյանն» ի՞նչ աներ. մեքենան պատեպատ խփեց, հազարավոր «ուղևորների» մահվան մատնեց, իսկ հիմա էլ մեքենայի մնացորդները հասցրել է խորը անդունդի պռնկին, բայց կանգնեցնել չի ցանկանում, ասենք՝ արգելակներն էլ, որպես խանգարող հանգամանք, հանել ու մի կողմ է նետել: Այդպես «ուրախ-զվարթ» գլորվում ենք, էլի: Երկար կարելի է հակաճառել Փաշինյանի ինչպես ոչ փոխաբերական, այնպես էլ փոխաբերական դիտարկումներին, բայց եթե հակիրճ, ապա այդ ոչ բարով «վարորդին» ու նրան ծափահարող «ուղևորներին» արժե թեթևակի հիշեցնել, որ «Հայաստան» մակնիշի մեքենան լիովին սարքին վիճակում էր, «նախադու» էր՝ ասել փորձառուների, շարժիչը նորմալ, անվտանգության գոտիներն ու արգելակները՝ տեղը տեղին: Մի խոսքով, կարգին «մեքենա» էր (որոշ թերություններ շտկել էր ընդամենը պետք), քանի դեռ Փաշինյանի ձեռքը չէր ընկել, որից հետո օրումեջ վթարի է ենթարկվում՝ ծանր ու անդառնալի հետևանքներով: Հա, այն «մեքենան», այսպես ասենք՝ «Մերսեդես» կամ «Ռոլս Ռոյս» չէր, անթերի էլ չէր, բայց սարքին էր ու անվտանգ: Իսկ Նիկոլ Փաշինյանն այդ «մեքենան» դարձրել է ոչ թե 40 տարվա «ԵրԱԶ», այլ «Զապորոժեցի» ու տրակտորի անիվների վրա մի կերպ հավաքած ճռնչան սայլ: Վատ վարողին իսկապես ամեն ինչն է խանգարում, բայց նույնիսկ անդունդը գահավիժելիս նա ղեկը ոչ մի դեպքում բաց չի թողնելու:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 2-3-ը աշխատանքային այցով մեկնել էր Գերմանիա: Այցի ընթացքում վարչապետին ուղեկցել են իր տիկինը՝ Աննա Հակոբյանը, եւ դուստրը: Բացի Աննա Հակոբյանից, Գերմանիա պատվիրակության կազմում մեկնել է նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը: Թե ինչու են աշխատանքային այցով արտերկիր մեկնող վարչապետի հետ պետբյուջեի հաշվին գործուղման գնում նաեւ իր ընտանիքի անդամները, մինչ օրս որեւէ հոդաբաշխ բացատրություն չի տրվել։ Վարչապետի տիկինը թերեւս մեկ անգամ տվել է «սպառիչ ու համոզիչ» պատասխան այս հարցին. նա սիրում է իր ամուսնուն եւ ցանկանում է ամենուր ուղեկցել նրան. միեւնույնն է, ինքնաթիռը դատարկ թռչում է… Գերմանիա այցի դեպքում մեկ այլ հարց էլ է ծագում՝ ինչո՞ւ են վարչապետին ուղեկցում պատգամավորները:
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով վարչապետի մինչ այս կատարած արտերկրյա այցերը, նկատեց, որ սովորաբար Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կամ էլ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Թե ինչու են Գերմանիա կատարած վերջին այցի ընթացքում վարչապետին ուղեկցում պատգամավորները, անհասկանալի է. եթե Սարգիս Խանդանյանի դեպքում, որպես «արդարացում», կարելի է ընդունել, որ վերջինս ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է, ապա մյուս պատգամավորի՝ Լիլիթ Կիրակոսյանի դեպքում մեկնումը կարելի է համարել զուտ էքսկուրսիա՝ պետբյուջեի հաշվին: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց նաեւ, որ ՔՊ պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը առանձնապես ակտիվ էլ չի եղել այս աշխատանքային այցի ժամանակ, գրեթե որեւէ հանդիպման չի մասնակցել: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Լիլիթ Կիրակոսյանի հետ՝ հետաքրքրվելու՝ ինչու էր վարչապետի հետ մեկնել Գերմանիա, ի վերջո, ինչ քննարկումների է մասնակցել, սակայն պատգամավորը, մեր հարցերին ի պատասխան, ընդամենը ասաց, թե այցի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հրապարակված է մամուլում, ինքն ավելացնելու բան չունի:
«Հրապարակ» թերթը գրում է. Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները եւ «Քաղպայմանագրի» թեկնածու Տիգրան Ավինյանի որդեգրած մարտավարությունը մտահոգություններ են առաջացրել նաեւ իշխանության ներսում։ ՔՊ ֆրակցիայի մեր աղբյուրը պատմեց, որ մտահոգ կուսակցականներով արդեն քանիցս այդ թեմայով զրուցել են վարչապետ Փաշինյանի հետ՝ ասելով, որ Ավինյանի հաշվարկը չի աշխատի Երեւանում, որ նա բավարար ռեյտինգ չունի, եւ նրանով հաղթելը շատ բարդ կլինի։ Բանն այն է, որ Ավինյանը, կարելի է ասել, բացարձակ չի աշխատում իշխանության կայուն էլեկտորատի՝ պողոսների հետ, եւ հույսը դրել է թաղային հեղինակությունների «տասովկաների» վրա, ինչը, ըստ որոշ ՔՊ-ականների, չաշխատող մեխանիզմ է։
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ, վարչապետի որոշմամբ, աշխատանքից ազատվել են Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 3 տեղակալները՝ Արթուր Շատվորյանը, Նարեկ Հայրապետյանը, Գարիկ Սարոյանը։ ՍԱՏՄ-ից անհեթեթ բացատրություն են տալիս, թե հունվարի 27-ին աշխատանքից ազատված ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ նրա 3 տեղակալներն ինքնաբերաբար դարձել են պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարներ, նրանք պետք է վերանշանակվեին, իսկ ՍԱՏՄ նոր պետ Արմեն Հայրապետյանը որոշել է հին տեղակալների հետ չաշխատել՝ նրանց չի վերանշանակել։ Նշենք, որ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներին նշանակում եւ պաշտոնից ազատում է ՀՀ վարչապետը, հետեւաբար նա կարող էր վերանշանակել 3 տեղակալներին, սակայն դա չի արել։ Ընդ որում, ուշագրավն այն է, որ տեղակալներից մեկը՝ Արթուր Շատվորյանը, վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանի եւ Շիշ բռնող պատգամավոր Հայկ Սարգսյանի քրոջ ամուսինն է։ Նա էր համակարգում 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանի պաշտպանությունը կառավարական ամառանոցներում՝ կոորդինացնելով Հեղափոխության պահապանների աշխատանքը։ Ուշագրավ է, որ Սարգսյանների ընտանիքը կամաց դուրս է մղվում Փաշինյանի մտերիմների շրջանակից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորները հունվարի 10-ից համարել են, որ սկսվել է հաշվարկը, ու հենց այդ օրվանից իրենք ունեն երեք ամիս ժամանակ՝ դիմում ներկայացնելու Սեդա Սաֆարյանի գործողության մասով: Եվ, ահա, 3 օրից կլրանա երկրորդ ամիսը, սակայն մինչ օրս ՍԴ որեւէ դատավոր Սեդա Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասով դիմում չի ներկայացրել Սահմանադրական դատարանի նախագահին: Փոխարենը «Հայաստան» խմբակցությունն է արդեն շրջանառության մեջ դրել Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը: Որպես Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հիմք՝ նշվում է, որ վերջինս, խախտելով Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները, ձեռնարկատիրությամբ է զբաղվել: Որպեսզի ընդդիմության հեղինակած նախագիծը մտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, այն նախ պետք է երկշաբաթյա ժամկետում արժանանա ԱԺ պետաիրավական հանձնաժողովի հավանությանը, իսկ որպեսզի ԱԺ-ն Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու համար պաշտոնապես դիմի ՍԴ, պետք է նախագիծն ընդունվի պատգամավորների ձայների 3/5-ով, այսինքն՝ անհրաժեշտ է լինելու 65 ձայն: Արդեն ակնհայտ է, որ այս նախագիծը հավանության չի արժանանա, եւ ՔՊ-ն կպաշտպանի իր կողմից ընտրված դատավորին: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին ՍԴ-ում սպասում են ԱԺ զարգացումներին, թեեւ կանխատեսելի է, որ խորհրդարանում որեւէ զարգացում էլ չի լինի: Մնում է «ինքնադատաստանի» տարբերակը: ՍԴ-ում քննարկել են, եւ չի բացառվում, որ ՍԴ դատավորների զգալի մասը հավաքվի եւ որոշի, թե ինչ հանգուցալուծում տա Սեդա Սաֆարյանի կողմից կատարված ապօրինի գործողություններին, երբ լինելով դատավոր՝ նաեւ ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել: