24.11.2024
Համանախագահները մինչև այս շաբաթվա վերջ կայցելեն տարածաշրջան
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ստվերային տնտեսությունում թաքնվածները «ոչ սովորական մահկանացուներ» են

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նախօրեին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում ներկայացրել է համակարգի հետագա գործունեության հիմնական առաջնահերթությունները: Դրանք են՝ փոքր և միջին բիզնեսի համար գործունեության փափուկ դաշտ ապահովելը, հարկ վճարող-հարկային ծառայող փոխհարաբերությունները գործընկերային դաշտ տեղափոխելու անհրաժեշտությունը, ստվերային շրջանառությունը սպիտակ դաշտ բերելը, հովանավորչությունը բացառելը: Մասնագիտական շրջանակները, սակայն, դեռ թերահավատորեն են մոտենում նման նպատակների իրագործմանը՝ անցյալի դառը փորձը աչքի տակ ունենալով:

VERELQ-ի հետ զրույցում «ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» նախագահ Հակոբ Ավագյանը նշեց, որ որպես խորհրդակցության ընթացքում հնրեցրած հայտարարություն այն համարում է դրական, սակայն դա հայտարարություն է, որը, նախ, պետք է դառնա հանձնարարական, իսկ հետո իրականություն: Եվ այստեղ է, նրա խոսքով, որ թերահավատորեն են մոտենում նմանատիպ հայտարարություններին կամ լրատվամիջոցների համար ասված գեղեցիկ խոսքերին:

«Ամենապարզ օրինակը բերեմ. մեր կառույցը, հանդիսանալով ՔՀԿ-ների Հակակոռուպցիոն կոալիցայի խորհրդի անդամ, այս տարվա ընթացքում տասնյակից ավելի թեմատիկ քննարկումներ է ունեցել պետկան մարմինների հետ՝ այդ թվում ՊԵԿ-ի ներկայացուցիչների: Երբ մենք ասում էինք, որ հարկային տեսուչ-տնտեսվարող հարաբերություններում առկա են կոռուպցիոն ռիսկեր, կան ամսական թաքնված վճարումներ և այլն, սկզբում հրաժարվում էին, հետո մեզ բերեցին հիմնավորում, որ դեռևս մարտ ամսին ՊԵԿ նախագահի հրամանով այլևս տեսուչին չի կցվում կոնկրետ տնտեսվարող և այդ պայմանավորվածությւոնների իմաստը կորում է: Բայց արի ու տես, որ իրական կյանքում տեսուչները շարունակում են տնտեսվարողներից տանել ամսական գումարներ՝ իրենց վրա ստանձնելով որոշակի հովանավորչություններ: Եվ բոլորովին վերջերս բացահայտված կաշառք վերցնելու դեպքով հարկային տեսուչի ձեռբակալումը դրա վառ ապացույցներից մեկն է»,- նշեց նա:

Հակոբ Ավագյանի խոսքով՝ այստեղ ամենալուրջ խնդիրներից մեկը շարունակում է մնալ նաև այն, որ այդ տեսուչը տարիներ ի վեր աշխատել է այդ մեխանիզմով, այսինքն՝ նրան չեն կարող հրամայել ու ասել՝ սրանից հետո ուրիշ կերպ գումար աշխատի: Իսկ բացի այդ, այդ տեսուչը մեծ ցանկության դեպքում էլ չի կարող իր ցոփ ու շվայտ կյանքի կարիքները բավարարել այն աշխատավարձով, որը ստանում է: Ըստ մեր զրուցակցի՝ սա պարզ, աքսիոմատիկ երևույթներ են.

«Վերցրեք Վրաստանի օրինակը կամ աշխարհի ցանկացած այլ պետություն՝ նմանատիպ ռեֆորմային փոփոխություններ չեն կարող կյանքի կոչվել առանց կադրային ֆունդամենտալ փոփոխության և նրանց աշխատավարձերի բարձրացման»,- նկատեց նա:

Իսկ գործիքակազմի կիրառման իմաստով, շարունակեց փորձագետը, ՊԵԿ նորանշանակ նախագահը նոր բան չի ասել: Այո, իհարկե այսօրվա ՊԵԿ-ն իր ունեցած տվյալների բազայով, էլեկտրոնային բազմաֆունկցիոնալ գործիքներով կարող է լուրջ վերլուծություններ անել և շատ ծայրահեղ դեպքերում այցելել Փոքր բիզնեսի ներկայացուցչին: Կամ այն, որ պետք է այցելությունները լինեն միայն ռիսկերի վրա հիմնված, դա ամրագրված է օրենքով.

«Ուրիշ հարց է, որ բիզնես հանրության համար այդպես էլ պարզ չի, թե ՊԵԿ-ի համար ո՞ր գործոններն են համարվում ռիսկային, որոնք թույլ է տալիս տնտեսվարողը: Նախկինում ռիսկերի հիման վրա սոտւգումերի ներդրման օրենսդրական նախաձեռնությունների քննարկումների ժամանակ ՊԵԿ-ից հնչեցնում էին 21 ցուցանիշներ՝ ճշգրտված հաշվետվություննների քանակ, հարկերի ուշացումներ, շրջանառության ծավալների նվազումներ և այլն: Բայց դա էլ պետք է հստակեցվի, որպեսզի տնտեսվարողը հստակ իմանա ինչ գործողությունների արդյունքում ինքը կհամարվի ռիսկային»:

Ինչ վերաբերում է այն հանձնարարականին, որ տեսչության ղեկավարները ամենօրյա ռեժիմով ուսումնասիրեն և գնահատեն իրենց տարածքի տնտեսվարողների ստվերը, Հակոբ Ավագյանի խոսքով՝ այստեղ է, որ բառերն ավելորդ են, քանզի նրանց նոր հանձնարարականներ պետք չեն, ՊԵԿ-ի ղեկավար կազմում այնպիսի բազմամյա փորձով անձինք կան, ովքեր կարծում եմ նույնիսկ թվային մեծությամբ գիտեն, թե ինչքան է կազմում խոշոր տնտեսվարողների ամենօրյա, ամենամսյա և ամենամյա ստվերային շրջանառություն.

«Ստվերային շրջանառությունը սպիտակեցնելու համար պարզապես լիազորություններ են պետք շատ պարզ պատճառով՝ այդ ստվերային խոշոր շրջանառության հետևում իհարկե կանգնած չեն «սովորական մահկանացուներ»,- շեշտեց նա:

Բացի այդ, հարկային վերահսողությունից զատ, հարցերի հարցը շարունակում են մնալ մաքսային ներմուծումների հետ կապված խնդիրները, որի մասին ՊԵԿ նախագահը հայտարարել էր, որ վերջ է դրվելու թղթապանակներով ներմուծման պրակտիկան: «Այստեղ էլ լուրջ հեղափոխական քայլեր պետք է լինեն: Նորից կրկնվելով ասեմ՝ եթե վերջինս օժտված է այդ քայլերն իրականացնելու լիազորություններով ի վերուստ: Եթե ոչ, ապա այս դեպքում տապալվելու եզրագիծը այնքան սուր է դրված, որ ավելի լավ է ոչինչ չհայտարարենք, այլ սուս ու փուս փորձենք մաքրել տնտեսությունը այնքանով, ինչքանով օժտված ենք, ինչքանով կարողություններս կների»,- հավելեց մեր զրուցակիցը: