Ի՞նչ կլինի, եթե ՌԴ զորքերը չլինեին կամ դուրս բերվեն Արցախից. Տիգրան Աբրահամյան
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության գործառույթների թեման հատկապես Հայաստանը կապող միջանցքի փակման համատեքստում շատ քննարկվեց։ Այն քննարկելի էր նաև 2020-ի պատերազմի ավարտն ազդարարող հրադադարից մեկ ամիս անց՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո, ինչպես նաև՝ 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին, երբ ադրբեջանական զորքերը խախտելով եռակողմ հայտարարության դրույթները, ներխուժեցին Փառուխ գյուղ և Քարագլուխ լեռնաշղթայի տարբեր բարձունքներ։ Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ու շարունակում.
"Ունե՞ր ՌԴ-ն գործառույթ կանխելու ադրբեջանական ագրեսիան՝ այո՛, որովհետև դա հակասում էր նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությանը։
Արդյո՞ք ՌԴ խաղաղապահ առաքելությունն իր որևէ գործառույթ չի իրականացնում, իհարկե, այդպես չէ։
Պե՞տք է դնել ռուսական առաքելության՝ Արցախից դուրս բերելու հարցը, միանշանակ ո՛չ։
Ի՞նչ կլինի, եթե ՌԴ զորքերը չլինեին կամ դուրս բերվեն Արցախից։ Բնականաբար Ադրբեջանը չի բավարարվի միայն միջանցք փակելով և մեծ սպառնալիք կստեղծվի ադրբեջանական հարձակման համար։
Արդյո՞ք այդ սպառնալիքը հիմա չկա։ Կա, բայց ավելի քիչ է դրա ռիսկը, կա նաև մասշտաբի հարց։
Եթե նույնիսկ ՌԴ-ն իր ներկայությամբ կարողանում է հետաձգել այդ հարձակումը և ժամանակ ձգել, դա ևս վատ չի, այլ բան է, որ պետք է ժանանակն օգտագործել և պատրաստվել։
Ի՞նչ կփոխի, եթե Արցախում տեղակայվի բազմազգ խաղաղապահ առաքելություն, ինչպես ՀՀ իշխանությունն է բարձրաձայնում։ Իսկ արդյո՞ք միջազգային հանրությունն ունի նման ցանկություն։
Կկանխի՞ բազմազգ խաղաղապահ առաքելությունն ադրբեջանական նոր ագրեսիան՝ ոչ մեկ չի կարող միանշանակ ասել։
ՌԴ-ի հետ պետք է առավել քան երբևէ ինտենսիվ աշխատել՝ հասկանալու համար, թե ինչպես և ինչ պետք է անել զսպելու ադրբեջանական հնարավոր ագրեսիան։
Ինչ անելը սկսում է ազնիվ շփումներից և շարունակվում է տարածաշրջանում ռազմական բալանսի վերականգնմանն ուղղված քայլերից։ Սա իհարկե ՀՀ այս իշխանության պարագայում բացառվում է, որ սրանք հակառակ ուղղությամբ են շարժվում։
Ինչ վերաբերվում է միջազգային մյուս դերակատարներին, ապա նրանցից շատերն Ադրբեջանի վրա ունեն իրական ազդեցություն և մեծ ցանկության ու լավ աշխատանքի միջոցով կարելի է իրավիճակ փոխել",- գրել է Աբրահամյանը։