24.11.2024
Տեր-Պետրոսյան. Հայաստանին սպառնում է թաքնված տնտեսական դեֆոլտ
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Տիգրան Սարգսյանը վերադառնում է քաղաքականություն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ իշխանությունները ՀՀ տրանսպորտի և կապի այլևս նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի դեմ նյութեր են նախապատրաստում, և Բեգլարյանն առաջիկայում կարող է հայտնվել բավական աննախանձելի վիճակում։ Հիշեցնենք, որ վերջերս հարկային մարմինները հաղորդագրություն հրապարակեցին, թե Հյուսիս-հարավ մայրուղու հատվածներից մեկը կառուցող «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» ընկերությունում 2,6 մլրդ դրամի ակտ Է գրվել և հօգուտ պետբյուջեի 1 մլրդ դրամ հարկային պարտավորություն առաջադրվել։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ այս շինարարության մեջ իր բաժինն ունի նաև Գագիկ Բեգլարյանը։ Նաև հրապարակում եղավ, թե Գ. Բեգլարյանի եղբոր Յուրա Բեգլարյանին պատկանող օբյեկտներից մեկում հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող Գևորգ և Հենրիկ Բաղդասարյանները։ Այդպիսով, մեր տեղեկություններով, իշխանությունները Գագիկ Բեգլարյանին զգուշացնում են, որ եթե հանկարծ փորձի բացահայտ կամ գաղտնի կերպով հակաիշխանական քայլեր անել, այս և բազմաթիվ այլ գործեր ջրի երես կհանվեն։ Հիշեցնենք, որ պաշտոնանկությունից հետո Բեգլարյանը նոր նախարարի ներկայացման ժամանակ ներկա չէր եղել և չէր մասնակցել այդ օրերին տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստին»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ճանապարհային ոստիկանությունում պետերը երկար չեն դիմանում։ Թեև Մարգար Օհանյանի յուրացման հայտնի պատմությունից հետո տարիներ են անցել, սակայն վերևների ուշադրությունը մինչ օրս սևեռված է ՃՈ-ի վրա։ «Հավելավճարները հանել են, վերահսկողությունը ճանապարհային ոստիկանի վրա սարսափելի է, ո՞վ կգնա այդպես աշխատելու, էլ առաջվանը չէ, նախկինում դա յուղոտ պաշտոն էր համարվում, հիմա գլխացավանք է, տարբեր շահեր ու ռիսկեր կան»,- ասում է մեր աղբյուրը։ Պատահական չէ, որ անգամ ՃՈ պետերը չեն դիմանում այդ պաշտոնին։ Օրինակ, ՃՈ վերջին պետը՝ Արմեն Հակոբյանը, որը մի քանի օր առաջ ազատվեց աշխատանքից, աշխատեց ընդամենը 1 տարի 3 ամիս։ Նրա նախկինը՝ Արտակ Հարությունյանը, դիմացավ ավելի քիչ՝ ընդամենը 8 ամիս։ Մարգար Օհանյանից հետո ՃՈ ամենաերկարամյա պետն Արսեն Գալստյանն էր, որն աշխատեց 3 տարի։ Հեռանալուց հետո նա նշանակվեց ոստիկանության կրթահամալիրի պետի ծառայության գծով տեղակալ, ի տարբերություն իրեն փոխարինածների, որոնք դեռ «հանգստանում են»»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նյու-Յորքում կազմակերպված «Հայաստան ներդրումային համաժողով-2016»-ի հիմնական բանախոսներից մեկը ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Տիգրան Սարգսյանն էր: Այս փաստն ինքնին ուշագրավ է, քանի որ նա վերջին երկու տարիներին Հայաստանի քաղաքական կյանքից «աքսորված» իշխանական գործիչներից էր: Եւ առաջիկայում պարզ կդառնա` արդյոք Տիգրան Սարգսյանը վերադառնում է Հայաստանի քաղաքական կյանք, թե համաժողովն ընդամենը «կարճատեւ վերադարձ» էր: Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը որպես ՀՀ վարչապետ պաշտոնավարեց 6 տարի, սակայն այդպես էլ չկարողացավ իր ցանկությամբ կառավարություն ձեւավորել: Չկարողացավ ազատվել երկու գագիկներից՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից եւ ՏԿ նախկին նախարար Գագիկ Բեգլարյանից: Դե իսկ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին ընդունված է համարել այն անձը, որը Տիգրան Սարգսյանին Հայաստանի քաղաքական կյանքից «աքսորեց»: Մի խոսքով` բոլոր նախադրյալները կան, որպեսզի Տիգրան Սարգսյանը փորձի վերադառնալ, առավել եւս, որ նա ԱՄՆ-ից Հայաստան եկավ Սերժ Սարգսյանի հետ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտեմ Ասատրյանը 2012-ին երբ նշանակվեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, պաշտոնապես հայտարարագրել էր, որ ոչ մի անշարժ եւ շարժական գույք չունի: Նրա ունեցած-չունեցածը 2011 թվականի դրությամբ 3 մլն դրամ էր: Բայց նախարար դառնալուց հետո նրա ունեցած 3 մլն դրամը, թերեւս, «կախարդական փայտիկի» օգնությամբ դարձել է 30 մլն դրամ, եւ մինչ օրս այդ թիվը պահպանվում է այն դեպքում, երբ նախարար Ասատրյանը իբրեւ եկամուտ նշել է նախարարի իր աշխատավարձը, որը ամսական կազմում է ավելի քան 500 հազար դրամ: Նախարարի տիկինը՝ Մարինե Պետրոսյանը, եւս 3 մլն դրամ ունի, որը կուտակել է ստացած մոտ 167 հազար դրամ աշխատավարձով: Նշենք, որ նախարարի տիկնոջ հայրը՝ Լեւոն Պետրոսյանը, սոցապնախարարության աշխատանքի եւ զբաղվածության բաժնի պետն է: Փեսան աներոջը «գործի է տեղավորել»: Ի՞նչ է սա, եթե ոչ հովանավորչության ու «պրիմիտիվ գողության» նման երեւույթ: Ու այսքանից հետո տարակուսելի է, թե ինչու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը իր` «մաքուրների» կառավարությունում տեղ տվեց Արտեմ Ասատրյանին: Նրա կողմից իրականացվող համակարգային մանիպուլացիաների մասին հրապարակումները` առաջիկայում»: