Ռուսաստանը կշարունակի զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի հետ
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Օլեգ Բոչկարյովի հետ, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 առաջին միջազգային ցուցահանդեսին:
Կողմերը բարձր են գնահատել ռազմատեխնիկական համագործակցության ներկա մակարդակն ու հաստատել այդ ուղղությամբ հետագա զարգացման անհրաժեշտությունը: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի Հանրապետության տարածքում ՌԴ արտադրության ռազմական նշանակության արտադրանքի վերանորոգման, տեխնիկական սպասարկման ու արդիականացման հավատարմագրված սպասարկման կենտրոնների ցանցի, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը` ավտոմոբիլային և ինժեներական տեխնիկայի, ՀՕՊ և ՌԷՊ միջոցների ու ավիացիայի ուղղություններով, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Ռուսաստանը կշարունակի զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի հետ, Երևանում ArmHiTec-2016 ցուցահանդեսում կներկայացվեն ռուսական ռազմական տեխնիկայի լավագույն նմուշները: Այդ մասին հայտնել է ArmHiTec-2016-ում «Ռոստեխ» պետական կորպորացիայի և «ՌոսօբորոնԷքսպորտ» բաժնետիրական ընկերության միացյալ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Գոնչարովը:
«Լավ ավանդույթ է դառնում «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի մասնակցությունը զենքի ու ռազմական տեխնիկայի դեբյուտային ցուցահանդեսներին:
Մեզ համար սա հիանալի առիթ է՝ ցուցադրելու ժամանակակից ռուսական զենքի լավագույն նմուշները, ընդլայնել արտասահմանյան մերգործընկերների շրջանակը, շարունակել Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդումը Հայաստանի և այլ երկրների հետ», - ասել է Գոնչարովը:
Ցուցահանդեսում Ռուսաստանը կներկայացնի 16 ձեռնարկություն, որոնք պոտենցիալ պատվիրատուներին կցուցադրեն ժամանակակից զրահատանկային, հրթիռահրանոթային սպառազինություն ու տեխնիկա, «Ուրան» ընտանիքի ռոբոտատեխնիկական համալիրներ, ռազմական ավիացիա, հրաձգային զենք ու զինամթերք:
Բացի այդ, ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները ArmHiTec-2016-ում կցուցադրեն նորագույն անօդաչու թռչող սարքեր ու համալիրներ, կապի միջոցներ, զորքերի կառավարման ավտոմատացված համակարգեր, հսկման և անհատական պաշտպանության միջոցներ, լազերային, տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաներ, տեղեկատվության պաշտպանության համակարգեր, հանդերձանք, բժշկական ապահովման միջոցներ:
Ցուցահանդեսը բաց է մինչև հոկտեմբերի 15-ը: