Իշխանությունը գործի է դրել ռեպրեսիաների մեխանիզմը:
Մի քանի օր է, իսկ ավելի կոնկրետ՝ նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած Միասնության հանրահավաքից հետո, արտահոսքեր են լինում այն մասին, որ ընդդիմադիր այս կամ այն գործիչը իրավապահների թիրախում է: Մասնավորապես, հանրահավաքից անմիջապես հետո Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ հրահանգ կա իրեն բերման ենթարկելու: Աշոտյանի խոսքով՝ անհիմն գործով, որով արդեն բազմաթիվ մարդիկ հարցաքննվել ու անգամ բերման են ենթարկվել: Անգամ լուրեր էին շրջանառվում, որ Աշոտյանին իշխանությունը բերման կենթարկի Արցախից վերադառնալիս՝ նոյեմբերի 8-ին:
Այդ ընթացքում, նույն այդ գործով, բերման ենթարկվեց, ապա նաև մեղադրանք առաջադրվեց ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության համար։
«Չնայած դատախազությունից պնդում են, որ ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու մասին որոշում չկա, սակայն ԱԺ մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում հնարավոր է նորանշանակ դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ գա՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ:
Հիշեցնենք, որ օրերս լրատվամիջոցներից մեկով իշխանությունն արտահոսք էր թողել, թե փաստաբան Էրիկ Ալեքսանյանի եւ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործում նոր երեւան եկած հանգամանքների պատճառով հնարավոր է վերաբացվեն ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի գործերը, եւ դատախազը պատրաստվում է միջնորդել, որ նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեն: Սակայն մեր աղբյուրները պնդում են, որ եթե քաղաքական որոշում կայացվի, իսկ դա ռիսկերով հղի որոշում է, ապա դատախազն առանձին-առանձին է մտնելու ԱԺ, եւ առաջինը Սեյրան Օհանյանն է թիրախում:
Պատգամավորների նկատմամբ հարուցված քրեական գործերը տարբեր դեպքերի են առնչվում, թե կոկրետ ինչ վարույթով է դատախազը միջնորդելու, հայտնի չէ: Պատգամավոր Արմեն Չարչյանը երեկ մեր լրագրողին ասել է, որ իր նկատմամբ հարուցված քրգործերում նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել, վերջին շրջանում որեւէ գործով չի հարցաքննվել, ուստի չի կարող ասել, թե ինչի հիման վրա է լինելու միջնորդությունը: Սակայն նաեւ չի բացառվում, որ նման լուրեր շրջանառության մեջ դնելը ընդդիմության նկատմամբ ճնշումներ գործադրելու եւ նրանց պայքարը զսպելու նպատակ է հետապնդում»,- գրում է «Հրապարակ» թերթը:
Այս լուրին զուգահեռ շրջանառվում է, որ խորհրդարանական ընդդիմությունը որոշել է դեկտեմբերին, այդուհանդերձ, վերադառնալ ԱԺ: Թեև օրերս Իշխան Սաղաթելյանը կրկնեց այն միտքը, որ նրանք կվերադառնան միայն իրենց օրակարգով...