Իրանը կձեռնարկի բոլորը քայլերը տարածաշրջանում սահմանների փոփոխություն թույլ չտալու համար
Իրանը դեմ է, որ տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով, Իրանի համար կարևոր է, որ արտատարածաշրջանային ուժերը մուտք չունենան տարածաշրջան: «Մեզ համար կարևոր է ներքին ներկայացուցիչների գործունեությունը», - ասել է նա` միևնույն ժամանակ զգուշացնելով, որ Իրանական կողմը տարածաշրջանում պատմական սահմանների ցանկացած փոփոխություն չի ընդունելու: «Դա մեր «կարմիր գիծն է», և կձեռնարկենք բոլոր քայլերը, դա կանխելու համար»,- ասել է ԻԻՀ ԱԳ նախարարը։
Այդ համատեքստում նա մատնանշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավաստիացումները:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իրանի պաշտոնական ղեկավարների հետ հանդիպմանը նշել է, որ աշխարհագրական և սահմանային փոփոխություններ տարածաշրջանում չեն հետապնդում և չեն ցանկանում իրականացնել։ Մենք այս առումով համապատասխան զգուշացումներ ենք տվել։ Իրանը հնարավորություն ունի դիմակայելու և խոչընդոտելու ցանկացած նման գաղափարի իրականացում»,- ասել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։