Ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից. Իզաբել Դյումոն
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոն։ Այս մասին հայտնում է ՊՆ-ի մամուլի ծառայությունից:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան խստորեն դատապարտելու, ճշգրիտ եւ հասցեական գնահատականներ տալու, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին աջակցելու համար: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:
Տիկին Դյումոնը վերահաստատել է ֆրանսիական կողմի դիրքորոշումը, ըստ որի`ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությանը, մասնավորապես` սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր: