26.11.2024
Հարավային Կովկասի միջազգային և աշխարհաքաղաքական սահմանները պետք է հարգվեն. Իրան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական զինված ուժերը պետք է լքեն ՀՀ տարածքը. Ալեն Սիմոնյանը` Վալենտինա Մատվիենկոյին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հոկտեմբերի 10-ին հյուրընկալել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Այդ մասին հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից:


Գործընկերները փաստել են, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բազմակողմանի կապերն անշեղորեն զարգանում են բարեկամության եւ փոխըմբռնման պատմական ավանդույթների հունով:


Զրուցակիցներն արձանագրել են, որ երկկողմ կապերի շարունակական զարգացման երաշխիքն ակտիվ երկխոսությունն է, որի շրջանակում առանձնացվել է խորհրդարանական փոխգործակցության նշանակալի դերակատարումը:


Հատուկ ընդգծվել է մեր խորհրդարանների պրոֆիլային հանձնաժողովների համատեղ գործունեությունը, որտեղ ձեւավորվել է համատեղ նիստերի պրակտիկան: Հաջորդ ամիս Երեւանում նախատեսվում է Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը:


ՀՀ ԱԺ նախագահը Վալենտինա Մատվիենկոյին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի մանրամասները՝ նշելով, որ մեր դիրքորոշումը միանշանակ է. ադրբեջանական զինված ուժերը պետք է լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը:


Ծավալուն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությանը, որի ժամանակ հաշվի կառնվեն եւ կերաշխավորվեն Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքներն ու անվտանգությունը:


«Հայաստանի Հանրապետությունը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի մեր տարածաշրջանում հաստատվի ամուր խաղաղություն: Վստահ եմ, որ դա նաեւ լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության ռազմավարական շահերին»,- շեշտել է ՀՀ ԱԺ նախագահը:


Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյին հրավիրել է Երեւան: «Հայաստանը մեզ համար ոչ միայն դաշնակից է, այլ նաեւ եղբայրական ջերմ հարաբերություններով ենք կապված»,- նշել է Վալենտինա Մատվիենկոն՝ սիրով ընդունելով հրավերը: