Այլևս ժամանակը չէ բարձրագոչ խոսքերի. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Անկախության օրվա առթիվ, որում ասված է.
"Անկախությանը 1991 թվականի այս օրը աներկբա «ԱՅՈ» ասած հայ ժողովրդի միասնական կամքը անցած ավելի քան երեսուն տարիներին բազում և ծանր փորձությունների ենթարկվեց:
Ամենածանր փորձությունը, սակայն, մեր ժողովրդի համար արտաքին թշնամու դեմ պայքարը չէր, որտեղ նա փառահեղ հաղթանակներ է կերտել:
Կյանքը ցույց տվեց, որ, ցավոք, ամենամեծ փորձությունը, որը փորձանք դարձավ հայ ժողովրդի գլխին, հանդուրժելն է սուտ խոստումներով իշխանությունը զավթած կապիտուլյանտ կառավարիչներին, որոնք անխնա մսխում են անկախ պետականության կերտման ու ամրապնդման ճանապարհին ունեցած բոլոր ձեռքբերումները և լրջագույն վտանգի տակ են դրել մեր պետության ու ժողովրդի ապագան:
Այլևս ժամանակը չէ բարձրագոչ խոսքերի. կա՛մ մեր ժողովուրդը իր ազատ և անկախ ապրելու միասնական կամքը վերստին կարտահայտի՝ դուրս գալով կործանարար թմբիրից և ձերբազատվելով ապազգային, վախկոտ, ձախողված իշխանություններից, կա՛մ հարվածի տակ կդնի ոչ միայն պետականությունը, այլև հազարամյա իր հողի վրա սեփական գոյությունն առհասարակ:
Այսօր, առավել քան երբևէ, անկախությունը իր նվիրյալ զավակների պաշտպանության կարիքն ունի:
Մեր ժողովրդի համար այս ծանր պահին ես վերահաստատում եմ՝ երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը:
Աստված պահապան Հայաստանին և հայ ժողովրդին":