ՀՀ ԱԳՆ. ԼՂ խնդրի հանգուցալուծման քաղաքակիրթ բանաձևը՝ քվեաթերթիկներ փամփուշտների փոխարեն
Հայաստանը բազմիցս դատապարտել է ԴԱԵՇ-ի ու այլ ահաբեկչական խմբավորումների կողմից իրագործված հանցագործությունները, որոնք սպառնում են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս բնակվող ժողովուրդներին: Պատերազմը Սիրիայում ավերիչ ազդեցություն է թողել նրա քաղաքացիական բնակչության, ներառյալ՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների վրա, որոնք կենսական սպառնալիքների առջև են կանգնած՝ ազգային հողի վրա իրագործվող ոճրագործությունների պատճառով: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում իր ելույթում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարի խոսքով, բռնությունները չեն շրջանցել նաև սիրիահայերին։ Շատերը կորցրել են իրենց կյանքը, ոչնչացվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային կառույցներ:
«Հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանության հետևանքով հայ փախստականները ապաստան գտան բազմաթիվ արաբական երկրներում: Այսօր հազարավոր հայեր, Մերձավոր Արևելքի այլ ժողովուրդների հետ միասին, կրկին հարկադրված են լքել իրենց բնակության վայրերը: Միայն Սիրիայից ավելի քան քսան հազար հայ է ապաստան գտել Հայաստանում: Ուստի, մենք գիտենք, թե ինչ է նշանակում՝ լինել փախստական և ապաստան տալ փախստականներին: Հայաստանի Կառավարությունը նշանակալի ջանքեր է գործադրում փախստականներին աջակցելու և նրանց ինտեգրումը դյուրացնելու ուղղությամբ: Համոզված ենք, որ հարկավոր է առավել լայն միջազգային համագործակցություն ծավալել զանգվածային տեղահանմամբ պայմանավորված մարտահրավերին համարժեքորեն արձագանքելու համար: Այս առումով կարևոր է մի քանի օր առաջ այս բարձր մարմնի կողմից ընդունված փախստականների և միգրանտների մասին Նյու Յորքի Հռչակագրի դրույթների լիարժեք իրականացումը»,- ասել է Նալբանդյանը` ընդգծելով ժողովուրդների խոշոր տեղահանությունների հիմնապատճառներին արձագանքելու անհրաժեշտութունը մարդկության դեմ հարցագործությունների կանխարգելման, հակամարտությունների խաղաղ կարգավորման և տևական քաղաքական հանգուցալուծումների միջոցով:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, նա նշել է, որ այս տարի լրանում է Մարդու իրավունքների միջազգային դաշնագրերի 50-ամյակը և Զարգացման իրավունքի հռչակագրի 30-ամյակը: Այս հիմնարար փաստաթղթերը ամրագրում են, որ «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Ըստ այդմ, նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն հետամուտ են լինում իրենց տնտեսական, հասարակական և մշակութային զարգացմանը»: Ինչպես հայտնի է ՄԱԿ-ի կանոնադրությունն ընդգծում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի նկատմամբ հարգանքը՝ որպես այս կազմակերպության նպատակ:
Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, նշել է ՀՀ ԱԳ նախարարը, խաղաղ իրացնելու ձգտմանն ագրեսիվ ռազմական արձագանքը միայն ապացուցում է նման ձգտումների իրավացիությունը և ագրեսորին զրկում է տվյալ ժողովուրդների վրա իշխելու նկրտումներից: Ինչպես իրավացիորեն նշում է ՄԱԿ-ի՝ ժողովրդավարական և միջազգային արդար աշխարհակարգի աջակցման հարցերով փորձագետը՝ ինքնորոշման իրավունքը որպես հակամարտության աղբյուր ընկալելու փոխարեն, ավելի ճիշտ է զինված հակամարտությունը դիտարկել որպես ինքնորոշման իրավունքի ոտնահարման հետևանք:
«Ադրբեջանը համառորեն հրաժարվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների և սանձազերծած ագրեսիայի հետևանքով 1980-ականների վերջից և 1990-ականների սկզբից հայերը ջարդերի ենթարկվեցին և արտաքսվեցին իրենց բնակավայրերից: Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Անդրեյ Սախարովը դա որակեց որպես հայ ժողովրդի հանդեպ նոր ցեղասպանության վտանգ: Այս տարի ևս, ապրիլի սկզբին Ադրբեջանը, կոպտորեն խախտելով հրադադարի համաձայնագիրը, նոր լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ առանց խտրականության թիրախավորելով քաղաքացիական կառույցները և բնակչությանը: Զոհերի թվում էին 12-ամյա մի տղա և 92-ամյա կին: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի երեք զինծառայողներ ԴԱԵՇ-ին բնորոշ ոճով գլխատվել էին, ապա ցուցադրվել ադրբեջանական քաղաքներում և գյուղերում, հրապարակվել սոցիալական ցանցերում: Ավելին, Ադրբեջանի ղեկավարը հրապարակայնորեն պարգևատրեց այդ հանցագործությունները կատարողներին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ արձանագրվեց, որ Ադրբեջանական կողմից հանձնված հայ զինծառայողների մարմինների վրա առկա էին կտտանքների և խոշտանգումների անհերքելի նշաններ: Նման զարհուրելի ոճրագործությունները հեռու են քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերից և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներ են հանդիսանում»,- նշել է նա:
Ապրիլյան ագրեսիան, տեղեկացրել է Նալբանդյանը, լուրջ վնաս է հասցրել խաղաղ գործընթացին: Հակամարտության խաղաղ կարգավորման հանդեպ վստահության վերականգման համար անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ, որոնք կկանխեն ուժի կիրառումը և խաղաղ գործընթացի առաջմղմանը նպաստող պայմաններ կստեղծեն: Սա էր մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների գլխավոր նպատակը: Նախևառաջ, հրամայական է այս գագաթաժողովների ընթացքում արձանագրված և ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը. առաջին, 1994-1995 թթ.-ի հրադադարի եռակողմ, անժամկետ համաձայնագրերի լիակատար իրականացում, երկրորդ, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում և, երրորդ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնում:
«Ի հեճուկս այս ամենին, Արցախի ժողովուրդը կարողացել է ինքնապաշտպանվել և ստեղծել ազատ և ժողովրդավար հասարակություն: Միջնորդ պետությունների՝ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ համատեղ Հայաստանը շարունակելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Եռանախագահները հռչակել են հիմնախնդրի հանգուցալուծման քաղաքակիրթ բանաձևը՝ քվեաթերթիկներ փամփուշտների փոխարեն: Համանախագահ երկրների նախագահների կողմից ներկայացված առաջարկությունն ամրագրում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա որոշումը` նրա բնակչության իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման միջոցով: Միջնադարյան բարբարոսության մտածելակերպով առաջնորդվողները, ինչը դրսևորվեց ապրիլին, հազիվ թե կարողանան ընդունել ժամանակակից աշխարհի քաղաքակիրթ մոտեցումները»,- շեշտել է նա:
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ողջունում է «2030 օրակարգ»-ում Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների վերաբերյալ Վիեննայի գործողությունների ծրագրի ներառումը՝ որպես կարևոր քայլ կայուն և ընդգրկուն զարգացումը խթանելու ուղղությամբ: Վիեննայի գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու և այդ աշխատանքների առանցքում դնելու համար Հայաստանի կառավարությունն ընդունել է դրա իրագործման ազգային ռազմավարություն` դատապարտելով միակողմանի տնտեսական միջոցները որպես քաղաքական ճնշման գործիք օգտագործելու քաղաքականությունը:
««2030 օրակարգ»-ը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ նման գործելաոճը վնասակար է կայուն զագացման համար: Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող միակողմանի ցամաքային շրջափակումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: Այն շարունակում է լրջորեն խաթարել տարածաշրջանային տարանցիկ հաղորդակցության ուղիները, տնտեսական համագործակցությունը և ինտեգրումը»,-հավելել է նախարարը: