25.11.2024
ՀՀ ԱԳՆ. ԼՂ խնդրի հանգուցալուծման քաղաքակիրթ բանաձևը՝ քվեաթերթիկներ փամփուշտների փոխարեն
prev Նախորդ նորություն

ՌԴ դեսպան. Զորահանդեսին ներկայացված բոլոր զինատեսակները պատկանում են ՀՀ ԶՈՒ-ին

Բոլոր զինատեսակները, որ ներկայացված էին Երևանում` ՀՀ Անկախության 25-ամյակի զորահանդեսին, պատկանում են ՀՀ զինված ուժերին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը` անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե ներկայացված զինատեսակները և, մասնավորապես, Իսկանդեր համալիրը հայկական կողմին չեն պատկանում և նույնիսկ բուտաֆորիա էին:

«Լուրեր են շրջանառվում, թե այդ զենքը պատկանում էր Ռուսաստանին: Դա այդպես չէ: Եվ այս հարցի կապակցությամբ պարզաբանում ներկայացրել է նաև ՀՀ Պաշտպանության նախարարությունը` այն ամբողջությամբ պատկանում է հայկական զինուժին»,- ասել է Վոլինկինը:

Դեսպանի խոսքով, Հայաստանին և Ռուսաստանին կապում են դաշնակցային հարաբերություններ և խոսել ինչ-որ բուտաֆորիայի կամ դեկորացիայի մասին միանշանակ սխալ է:

«Գոյություն ունեն որոշակի պայմանագրային հարաբերություններ ՀԱՊԿ գործընկերության շրջանակներում, երկկողմ հարաբերություններ ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցության շրջանակում: Ես նաև համաձայն չեմ որոշ փորձագետների այն տեսակետների հետ, թե այդ զինատեսակները միտված են տարածաշրջանում հավասարակշռության խախտմանը: Ռուսաստանի կողմից մատակարարած զինատեսակները պաշտպանական բնույթ ունեն, և ես չէի ասի, թե այն միտված է հավասարակշռության խախտմանը կամ ինչ-որ կողմի գերակայությանը»,- հավելել է Վոլինկինը: