26.11.2024
Մամուլի տեսություն. Սերժ Սարգսյանը հանձնարարել է ամփոփել համաներման տեքստը և ներկայացնել իրեն
prev Նախորդ նորություն

Վարչապետ. Պետական բյուջեով իրականացվող ծրագրերը չպետք է բեռ լինեն հարկատուի համար

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Հայաստանի Հանրապետության 2017 թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակը:

Կառավարությունից տեղեկացնում են, որ «ՀՀ 2017 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ՀՀ քաղաքաշինության, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ բնապահպանության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ առողջապահության նախարարությունների, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀՀ միգրացիոն պետական ծառայության, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ղեկավարները, Երևանի քաղաքապետը, ՀՀ մարզպետները:

Նշենք, որ քննարկումների մեկնարկն ազդարարող հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել էր, որ պետք է արմատապես վերանայել պետական ապարատի առջև դրված խնդիրները, չափելի արդյունքների միջոցով ստուգել իրականացվող աշխատանքի արդյունավետությունը: Վարչապետի խոսքով՝ պետական ապարատի ծախսերը պետք է կրճատել զգալիորեն և տնտեսումների հաշվին ապահովել անհրաժեշտ գործառույթների պատշաճ կազմակերպումը, ինչը, սակայն, որևէ կերպ չպետք է անդրադառնա աշխատանքի արդյունավետության վրա և չպետք է իրականացվի աշխատանքի որակի հաշվին:

Հատկանշելով գերատեսչություններում կառուցվածքային փոփոխությունների և հաստիքացուցակների օպտիմալացման անհրաժեշտությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ պետական բյուջեով իրականացվող ծրագրերը չպետք է բեռ լինեն հարկատուի համար, դրանք պետք է պետական բյուջեում ամրագրվեն, եթե անհրաժեշտ արդյունավետություն են ապահովում իրենց նպատակների իրագործման տեսանկյունից: Այս առումով վարչապետը կարևոր է համարել նաև նախարարությունների ենթակայության տակ գործող կառույցների գործառույթների իրականացման ու դրանց արդյունքում քաղաքացիների և տնտեսավարողների համար ստեղծվող հավելյալ արժեքի վերաբերյալ տնտեսական հիմնավորումները: