26.11.2024
Աղվան Վարդանյան. Վարչապետ-ՀՅԴ հակասություն գոյություն չունի
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Սերժ Սարգսյանը հանձնարարել է ամփոփել համաներման տեքստը և ներկայացնել իրեն

VERELQ-ը ներկայացնում է այսօրվա մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժողովուրդ». ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն իր աշխատակազմին երեկ հանձնարարել է ամփոփել Հայաստանի Անկախության 25-ամյակի առթիվ հայտարարվելիք համաներման տեքստը եւ այսօր այն ներկայացնել իրեն: Սա նշանակում է, որ համաներման նախագիծը Սերժ Սարգսյանին ներկայացնելուց հետո կարճ առաջիկայում պարզ կդառնա՝ նախագիծը երբ է խորհրդարան մտնելու` եկող երկուշաբթի գումարվելիք արտահերթ նստաշրջանի շրջանակներո՞ւմ, թե՞ հոկտեմբերի սկզբին կայանալիք ԱԺ հերթական քառօրյայի շրջանակներում: Հիշեցնենք, որ ի սկզբանե լուրեր էին տարածվել, թե համաներման նախագիծը խորհրդարան կուղարկվի սեպտեմբերի 26-ին` հրավիրվելիք արտահերթ նստաշրջանի շրջանակներում: Երեկ ՀՀ կառավարության նիստում հաստատվեց ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու որոշումը, սակայն համաներման նախագիծը օրակարգում ընդգրկված չէր: Նշված արտահերթի շրջանակներում խորհրդարանին կներկայացվեն առայժմ թվով 22 օրենսդրական փաթեթներ»:

«Հրապարակ». «Մեր տեղեկություններով` ՀՀԿ համագումարի օրն արդեն որոշված է՝ նոյեմբերի 26-ը: Թե որտեղ կանցկացվի համագումարը, դեռ հայտնի չէ, քննարկվում են մի շարք տարբերակներ: Բայց ասում են` 16-րդ համագումարը տարբերվելու է նախորդներից, հատկապես վերջին փոփոխությունների համատեքստում, երբ Հանրապետականը որդեգրել է ինքնամաքրման, բուռն փոփոխությունների եւ երկիրը երկիր դարձնելու քաղաքականությունը: Համագումարը նախորդելու է 2017 թվականի ԱԺ ընտրություններին, մինչ այդ դեռ բազում փոփոխություններ կլինեն` թե կադրային, թե կառուցվածքային։ Համագումարում էլ հանրագումարի կբերեն այդ ամենը, կամփոփեն եւ կտան ընտրությունների մեկնարկը։ Պարզ կդառնա ՀՀԿ-ականների ապագան` ով ինչ է անելու եւ որտեղ: Համագումարում կընտրվի ՀՀԿ նախագահը, գործադիր մարմնի կազմը, կլինեն հաշվետվություններ, բազմաթիվ ելույթներ»:

«Ժամանակ». «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ կառավարության նիստում հայտարարել է, որ ավիատոմսերի ձեռքբերման առումով կառավարությունում կատարվում է «պրիմիտիվ գողություն»: Եվ սա այն բանից հետո, երբ մի քանի ամիս առաջ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կատարում են ավիատոմսերի ձեռքբերման հարցում այնպիսի փոփոխություններ, որոնք թույլ կտան խնայողություն անել բյուջեի գումարների ծախսման հարցում: Եթե Կարեն Կարապետյանը հանձն է առնում պատասխանատու կերպով հայտարարել, որ կա գողություն, ուրեմն նա փաստական ապացույցներ ունի դրա վերաբերյալ: Հակառակ դեպքում Կարապետյանն ինքը պետք է զրպարտության համար պատասխան տա: Եվ ուրեմն, կամ Կարեն Կարապետյանը թող պատասխան տա զրպարտության համար, կամ գողերը պետք է պատասխան տան գողության համար: Իսկ պատասխանը, կրկնում ենք, ամենևին ազատազրկումը չէ: Պատասխանն այն կլինի, որ մեկ առ մեկ վեր հանվեն չարաշահումները կոնկրետ պաշտոնյաների մասով և պարզվի, հանգամանալից ուսումնասիրության և քննության արդյունքում վեր հանվի, թե ինչքանով է կողոպտվել, գողացվել բյուջեն այդ մասով, կոնկրետ ով է դրա համար պատասխանատու, և պետք է այդ մարդիկ փոխատուցեն բյուջեի կրած վնասները: Իսկ եթե ոչ, ապա պետք է արգելափակվեն նրանց անձնական հաշիվները, նրանց հարազատների հաշիվները, կալանք դրվի նրանց գույքի վրա: Այսինքն՝ ԴԱՀԿ-ն իր ողջ պերճանքով պետք է զգալի լինի նրանց համար: Այլապես Հայաստանի դատարաններն ու ԴԱՀԿ-ն միայն ընդամենը հինգ հազար դրամի տուգանք չմուծած քաղաքացիների շնչին նստելու համար չեն: Պետությունից միլիոններ են գողանում ինչ որ մարդիկ, իսկ այդ կառույցները բռնում են ընդամենը մի քանի հազար դրամի տուգանք չմուծած շարքային քաղաքացիների օձիքից և ստիպում վճարել: Ահա, թե ում օձիքից պետք է բռնել, կամ պետք է գնալ ու պարզել, թե ում օձիքից է պետք բռնել, ու բռնել այդ օձիքից: Այ դա կլինի փոփոխություն, դա կլինի բարեփոխում: Եվ կասկած չկա, որ այդ օձիքներից բռնելու դեպքում հասարակությունը մեկ մարդու նման կկանգնի բռնողների կողքին, ով էլ որ այն լինի, վարչապետը, թե իրավապահները: Այդպես, պարզ գողությունը միայն պարզ կառավարումով փոխարինելով է հնարավոր երկրում առաջ բերել փոփոխություններ և առաջացնել դրանց հանդեպ հասարակության այդքան կարևոր վստահությունը»:

«Հայկական ժամանակ». ««Երևան մոլ» առևտրային կենտրոնում գործող «Քարֆուր» սուպերմարկետը կրճատում է իր զբաղեցրած տարածքը։ Ու ընդհանրապես, ակնհայտ է, որ աշխարհահռչակ, բազմաթիվ երկրներում հաջողակ գործող «Քարֆուրի» երևանյան սուպերմարկետը, մեղմ ասած, այնքան էլ հաջող չի գործում և հիմա ստիպված է գնալ խնայողությունների։ «Քարֆուրի» այս վիճակը, անշուշտ, պայմանավորված է այդ սուբյեկտի կառավարման թերություններով, բայց ոչ միայն։ Բացի կառավարման թերություններից, «Քարֆուրը» նաև մրցակցում է հայաստանյան ամենաազդեցիկ օլիգարխին պատկանող սուպերմարկետների ցանցի հետ, ի տարբերություն այլ առևտրային ցանցերի չի կարող աշխատել ստվերում, ներմուծումներ իրականացման հնարավորությունները խիստ սահմանափակ են և այլն, և այսպես շարունակ։ Պետք չէ մոռանալ, որ ժամանակին, երբ «Քարֆուրը» փորձում էր իր մշակած ծրագրերով հիպերմարկետ բացել «Տաշիր գրուպի» սեփականությունը հանդիսացող «Դալմա մոլում», օլիգարխների ու ՀՀ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների պահանջով «Դալմա մոլի» սեփականատեր Սամվել Կարապետյանը «Քարֆուրին» դուրս հանեց այդ տարածքից։ Իսկ կառավարությունը էական սահմանափակումներ դրեց «Քարֆուրի» գործունեության վրա՝ զրկելով նրան մրցակցային առավելություններից։ Այնպես որ, երևանյան «Քարֆուրը» մասամբ խլված բիզնեսի մի օրինակ է»: