26.11.2024
Լի Լույվեյ. Հերմինե Նաղդալյանի ներկայությունը մեծ ներդրում է հայ-չինական հարաբերությունների խորացման գործում
prev Նախորդ նորություն

Աղվան Վարդանյան. Վարչապետ-ՀՅԴ հակասություն գոյություն չունի

Վարչապետի հետ ունեցել ենք տեւական հանդիպումներ, քնննարկել ենք և՛ երկրի առջեւ ծառացած խնդիրները, և՛ տնտեսության վիճակը, և՛ իր պատկերացումները, թե ինչ ծրագրեր, նպատակներ ունի` կարճաժամկետ եւ հեռանկարային: Կարող եմ ասել, որ վարչապետի մոտեցումները, այն է` իսկապես նոր սկիզբ դնել, խաղի նոր կանոններ սահմանել, վճռականորեն պայքարել ստվերային տնտեսության դեմ, աջակցել գործարարությանը, հնարավորինս արտոնյալ, առավելագույնը հարմար պայմաններ ստեղծել Հայաստանում ներդրումների համար, նոր արտադրություն հիմնողների համար ձեւավորել բարենպաստ միջավայր, աջակցել փոքրումիջին բիզնեսին, հնարավորինս մեծացնել ներդրումների ծավալը, առավելագույնս աջակցել անապահով բնակչությանը` նրանց բեռը նվազեցնելով և այլն՝ իսկապես նոր սկզիբ է: Այս մասին «Երկիրն այսօր» լրատվական հաղորդման եթերում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Այն, ինչ արձանագրված է և՛ մեր համաձայնագրի մեջ` ՀՀԿ-ի հետ` այդ խնդիրները, նպատակները, և՛ այն, ինչ հայտարարել է հանրապետության նախագահը այս տարվա փետրվարի 12-ին, որ իսկապես մեր երկրի առջեւ ծառացած խնդիրներ են, վարչապետը վճռականորեն պատրաստակամ է եւ իսկապես ուզում է այդ բոլոր հարցերով արմատական քայլեր կատարել: Եվ այս առումով մենք ամբողջովին աջակցում ենք վարչապետին: Բազմաթիվ համընկնումներ կան մեր մոտեցումների մեջ, այլ բան է, թե ժամանակն ինչ ցույց կտա: Կոնկրետ այս փուլում մենք բոլոր նախաձեռնություններին աջակցում ենք»,- մանրամասնել է Աղվան Վարդանյանը: Հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Կարեն Կարապետյանի գործունեությունը, նա նշել է, որ գնահատական տալը խիստ վաղաժամ է, քանզի ընդամենը մեկ շաբաթ է Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ են վերջին շրջանում քննարկման թեմա հանդիսանում հատկապես վարչապետի և դաշնակցական նախարարների հարաբերությունները, Վարդանյանը նշել է, որ ինչ-որ առումով դա լրատվամիջոցների գործն է` տեսադաշտում գտնել մի բան և դրա վրա վերլուծություններ կատարել:

«Կարդացել եմ վերլուծություններ, իբր, Դաշնակցության եւ վարչապետի առճակատման եւ հակասությունների մասին. ամբողջովին «մատից ծծած» վերլուծություն էր, նման բան բացարձակապես չկա: Կառավարության առաջին նիստից, տեսեք, կարող էր նման տպավորություն ստեղծվել, բայց մենք այդ թեմայով խոսել ենք վարչապետի հետ, խոսել ենք բաց, անկեղծ, մինչեւ վերջ, եւ վարչապետը խորապես ափսոսում է, որ նման տպավորություն է եղել: Հակառակը՝ ասել է, որ շատ բարձր է գնահատում նույն Արծվիկ Մինասյանին` իբրեւ բանիմաց քաղաքական գործիչ եւ նախարար, եւ շարունակելու է իր հետ աշխատել»,- նշել է ՀՅԴ-ական գործիչը՝ ավելացնելով, որ ցանկանում է փարատել բոլոր կասկածները, քանզի վարչապետն ունի իր պատկերացումներն այս կամ այն ճյուղի և՛ կառուցվածքի, և՛ անելիքների վերաբերյալ:

«Եվ իր հորդորն էր, առաջարկությունն էր, որ մենք ևս իրեն այս հարցում աջակցենք, և մենք որևէ խնդիր չենք տեսնում: Մեզ համար կարեւորը իմ թվարկած խնդիրների դրական լուծումն է, երկրում որակական փոփոխությունների հասնելը, այն ընթացքում՝ ՀՅԴ-ն նախարար կունենա, թե չի ունենա, երկու նախարար կունենա, թե՝ հինգը, գլխավոր հարցը չէ»,- հավաստիացրել է նա:

Նա նաև վստահեցրել է, որ վարչապետն աշխատելու է Արծվիկ Մինասյանի հետ և ՀՅԴ-ական մյուս նախարարների հետ.

«Կրկնում եմ՝ դրված են հստակ խնդիրներ, և դա հանրապետության նախագահի փետրվարի 12-ի ելույթից հետո էր, դա բխում է մեր համաձայնագրից, և որքան վարչապետը վճռականորեն այդ ուղղություններով առաջ կգնա, այնքան կունենա մեր ամբողջական աջակցությունը»,- ասել է բանախոսը:

Անդրադարձ է կատարել նաև էկոնոմիկայի նախարարության վերանվանման առնչությամբ Արծվիկ Մինասյանի առարկություններին, որ երեկ հնչեցին Կառավարության նիստում: Վարդանյանն ասել է, որ վաղուց ժամանակն է սովորելու, որ նախարարներն անհատականություններ են, ոլորտների ղեկավարներ են և ազատ պիտի իրենց սկզբունքներն ու տեսակետներն արտահայտեն կառավարության նիստի ժամանակ: Եվ շատ բնական է, որ Արծվիկ Մինասյանն իր սկզբունքային տեսակետներն արտահայտում է ու նաև լավ կլիներ, որ բոլոր նախարարներն այդպես անեին, կառավարության նիստն այդպես ընթանար:

«Կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում ոչ միայն էկոնոմիկայի նախարարությունում, այլ նաև բազմաթիվ ոլորտներում. հիմա դժվար է գնահատել, թե այսքան արագ կատարված կառուցվածքային փոփոխությունները, տարբեր մարմինների ստեղծումը որքան արդյունավետ կլինի, բայց սա եւս վկայում է վարչապետի վճռական մոտեցումների մասին: Այնպես որ, կրկնում եմ, մենք այսօր որևէ խնդիր չունենք վարչապետի հետ, հիմնական ուղղություններով մեր տեսակետները համընկնում են, եւ այս փուլում մենք աջակցում ենք վարչապետի գործողություններին, այն, ինչ բխում է նաեւ մեր նպատակներից եւ մոտեցումներից: Կգա ժամանակը` արդյունքները կտեսնենք, արդեն կդատենք ըստ արդյունքների: Բայց որ անհրաժեշտ է վստահել և ժամանակ տալ՝ ակնհայտ է»,- հավելել է Աղվան Վարդանյանը: