Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի որեւէ բնակավայր Բաքվի վերահսկողության տակ չի անցել
Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզպետարանները հերքում են լուրերը տարբեր բնակավայրերի Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու մասին։
«Տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզից որեւէ բնակավայր Ադրբեջանի վերահսկողության տակ չի անցել, ու այդ առնչությամբ համացանցում շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ կոչ ենք անում զերծ մնալ կեղծ ու չհիմնավորված լուրերի տարածումից», - ասվում է Սյունիքի մարզպետարանի տարածած հայտարարուրթյան մեջ:
«Ի պատասխան համացանցում շրջանառվող կեղծ տեղեկությունների` հայտնում ենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզում ոչ մի բնակավայր չի անցել ադրբեջանական վերահսկողության տակ։ ՀՀ զինված ուժերն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, և հակառակորդը ստանում է արժանի պատասխան։ Ուստի կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով», - ասվում է Վայոց Ձորի մարզպետարանի տարածած հայտարարուրթյան մեջ:
«Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, բացարձակ կեղծիք են։ Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով», - ասվում է Գեղարքունիքի մարզպետարանի տարածած հայտարարուրթյան մեջ: