Ադրբեջանի գործողություններին անհրաժեշտ է տալ հասցեական միջազգային արձագանք. Միրզոյան
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Միրզոյանը Բարձր ներկայացուցիչ Բորելին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Շեշտվել է, որ ադրբեջանական ագրեսիայի թիրախ են դարձել ոչ միայն ռազմական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Արարատ Միրզոյանի կողմից ընդգծվել է Ադրբեջանի գործողությունների հասցեական և համարժեք միջազգային արձագանքի անհրաժեշտությունը:
VERELQ-ը հայտնել է, որ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է ԵՄ հատուկ ներկայացուցչին Ադրբեջանի հետ սահման ուղարկելու մասին:
ԵՄ-ն կշարունակի միջնորդական ջանքերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորման ուղղությամբ, շփումներ են ընթանում ղեկավարների եւ ԱԳ նախարարների մակարդակով, ասվում է Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ` երկու երկրների միջեւ լարվածության կապակցությամբ: