Նախագահը խոսել է ՀՀ-Արցախ-սփյուռք եռամիասնության մասին
Անցած քսանհինգ տարիների ընթացքում չի եղել որևէ մարտավարական և ռազմավարական խնդիր կամ ծրագիր, որը հնարավոր չլիներ քննարկել և իրագործել Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության շրջանակներում: Մենք մշտապես եղել ենք իրատես և հստակ ենք գնահատել մեր հնարավորություններն ու կարողությունները: Դրա շնորհիվ էր, որ մշտապես կարողացել ենք հասնել այն նպատակների իրականացմանը, որոնք սահմանվել էին մեր կողմից: Այս մասին Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Հայաստան ժամանած սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Անգամ ամենահպանցիկ անդրադարձը մեր անցած ճանապարհին ցույց է տալիս մեր արձանագրած առաջընթացը: Զորօրինակ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնադրման գործում ահռելի ավանդ ունեցան դեսպանընկալ երկրների հայ համայնքները: Անկախության վերանվաճման առաջին տարիներին տեղի ունեցած գագաթնաժողովներին և բարձր մակարդակի հանդիպումներին որևէ նորանկախ երկիր չէր ներկայանում այնպիսի պատվախնդրությամբ, ինչպես որ ներկայանում էր Հայաստանի Հանրապետությունը: Իսկ դրա հետևում առկա էր սփյուռքի կառույցների, կազմակերպությունների և անհատների ահռելի և շատ դեպքերում՝ անտեսանելի աշխատանքը: Այդ շունչն ու ոգին զգացել ենք և՛ անկախությանը նախորդած ավերիչ երկրաշարժի, և՛ անկախության հռչակմանն անմիջապես հաջորդած Արցախյան հերոսամարտի օրերին: Աշխարհի կարևորագույն կենտրոններում ներկայացված լինելով՝ բարեկամներ ունենալու և նորանկախ մեր պետության ձայնը տեղ հասցնելու հնարավորությունը մշտապես հպարտությամբ է լցրել մեր սրտերը և նախանձով՝ մեր ոչ-բարեկամների»,- ասել է նա:
Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ մեկ տարի առաջ ոգեկոչել ենք Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը:
«Հայաստանի պետության և սփյուռքի կառույցների համատեղ և համակարգված աշխատանքը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ մենք կարող ենք հետապնդել և իրականացնել կարևորագույն քաղաքական նպատակներ: Երևանը հանդես եկավ որպես առաջնորդող և կառավարող ուժ, սակայն այդ ամբողջ հետևողական, համակողմանի աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր բոլորի միասնական քաղաքական կամքի: Սա ևս մեկ վկայություն է նրա, թե ինչ կարող է անել մեր հավաքական ուժը: Նման վերաբերմունք և արդյունք պահանջող հարցերն ու խնդիրները, իհարկե, շատ են»,- ընդգծել է նա:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ պատրաստ է և անհրաժեշտ է համարում խոսել ներկաների հետ նաև Հայաստանի ներքին կյանքում ընթացող գործընթացների մասին, Սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու, նոր կառավարության ձևավորման ընթացքի, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին:
«Բայց մինչ այդ, ցանկանում եմ կատարել շատ հաճելի մի պարտականություն: Տոնական օրերին պետական պարգևների արժանացած անձանց թվից երկուսին ցանկանում եմ պարգևատրել հենց այստեղ՝ բոլորիդ ներկայությամբ: Ես հրամանագիր եմ ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ պարոն Բակո Սահակյանին Տիգրան Մեծ շքանշանով պարգևատրելու մասին՝ հաշվի առնելով նրա անուրանալի դերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման և ամրապնդման գործում: Սիրով ուզում եմ նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինին հանձնել դեռևս անցյալ տարի հրամանագրով հաստատված նրա պարգևը: Վեհափա՛ռ Տեր, մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը հայապահպանության գործում, ինչպես նաև մեր ավանդական արժեքների պահպանման սուրբ պարտականությունները: Շատ շնորհակալ ենք և թույլ տվեք Ձեզ հանձնել Ձեր պարգևը»,- ասել է նա ու նշել, որ ներկաների թվում են նաև երեկ իր հրամանագրերով պետական բարձր պարգևների, տարբեր շքանշանների արժանացած Գագիկ Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը, Հրանտ Մարգարյանը, Հարութ Սասունյանը, իսկ ավելի վաղ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: