26.11.2024
Փորձագետ. ՀՀ-ին թույլ չեն տա Իսկանդեր կիրառել ղարաբաղյան հակամարտությունում
prev Նախորդ նորություն

Հովհաննիսյան. Զորահանդեսին ցուցադրված ողջ զինտեխնիկան ՀՀ Զինված ուժերինն է

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին ցուցադրված ողջ զինտեխնիկան ՀՀ Զինված ուժերինն է: Այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Խոսնակի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության անկախության պատմության ընթացքում եղած զորահանդեսների ժամանակ ցուցադրվել են միայն ու միայն Հայկական Զինված ուժերի կազմում եղած սպառազինությունները:

Այսպիսով, Արծրուն Հովհաննիսյանը հերքել է որոշ հրապարակումներում տեղ գտած այն պնդումները, թե ցուցադրվող զենքերի մի մասը ՀՀ Զինված ուժերինը չէ, այլ դրանք ցուցադրության համար ռուսական կողմն է տրամադրել: Մասնավորապես, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը հայտարարել էր, թե՝ «եթե «Իսկանդերը» մերը չէ, բայց ցույց ենք տալիս մերի անվան տակ, ավելի վատ է, քան ընդհանրապես չունենալը»:

Նշենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրվել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, «Տոչկա» մարտավարական հրթիռային համալիրները, «Սկադ» օպերատիվ մարտավարական համակարգերը, որոնց խոցման հեռավորությունը կարող է հասնել 300 կմ-ի: Ինչպես նաև վերջին օրերին այդքան մեծ աղմուկ հանած «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները: