ԵԱՏՄ-ն անփոխարինելի է ՀՀ համար, լավագույն գործընկերը շարունակում է մնալ ՌԴ-ն. Սաֆարյան
Եվրասիական շուկան անփոխարինելի է Հայաստանի համար, մեր լավագույն գործընկերը շարունակում է մնալ ՌԴ-ն․ այս մասին ասուլիսում հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը։
Նա նշեց, որ այդ են վկայում արձանագրված ցուցանիշները: Այդպես, 2022 թվականին, Սաֆարյանի խոսքով, գործ ունենք աննախադեպ տնտեսական աճի հետ։ Տնտեսական ակտվիության ցուցանիշը տարվա առաջին կիսամյակում ավելացել է 10.5 %-ով, ինչը շատ մեծ թիվ է։
«Սա մեզ համար անսպասելի ցուցանիշ էր, քանի որ միջազգային տնտեսական կառույցները ցածր ցուցանիշ էին կանխատեսում Հայաստանի համար, բայց կառավարությունը տարվա սկզբից ասաց, որ հնարավոր է ապահովել մոտ 7%-անոց աճ, և կարծես թե, մոտ ենք այդ թվին: Բացի այդ Հայաստանի տնտեսական աճն ամրապնդվում է նաև ՀՆԱ աճի ցուցանիշով»,- ասաց նա։
Սաֆարյանը նկատեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ ՀՆԱ-ն աճել է 8.5%-ով, բայց դրան զուգահեռ, կան նաև անորոշություններ ու պարադոքսեր: Մասնավորապես, արդյունաբերության, շինարարության, առևտրաշրջանառության և արտաքին առևտրական տնտեսական գործունեության ոլորտներում արձանագրվում է, որ ԵԱՏՄ տնտեսական շուկան ամենանպաստավորն է Հայաստանի պատրաստի արտադրանքի արտահահման համար։
“Վերջին երեք տարիներին Հայաստանի համար ԵԱՏՄ տարածքի դերը մեծացել է։ Եթե նախապանդեմիկ շրջանում ԵԱՏՄ տարածք մեր արտահանումների և ներկրումների ծավալը կազմում էր 25%, ապա այժմ այդ ցուցանիշը հասել է 30%: Ավելին, ճիշտ դիրքավորման արդյունքում հնարավոր կլինի ավելի մեծ ծավալների հասցնել ԵԱՏՄ երկրների հետ տնտեսական գործակցությունը: Գործ ունենք մի սպեցիֆիկ վիճակի հետ, երբ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումն ու տնտեսության զարգացումը ծնել են զուգահեռ ընթացող գործընթացներ։ Դրանցից մեկն աղքատությունն է, թեև կարծում եմ, որ տարեվերջին կունենանք ծայրահեղ աղքատության թվի կրճատում։ Միևնույն ժամանակ, Համաշխարհային բանկն, օրինակ, կանխատեսում է, որ մենք տարեվերջին ունենալու ենք աղքատության երկնիշ աճ՝ հասնելով ընդհուպ 48%-ի. տեսնենք»,- նկատեց նա:
Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ կառավարությունը պետք է ամեն բան անի աղքատության մակարդակը մեղմելու համար։