ՊՆ-ն առաջարկում է 24 մլն դրամով վաղաժամկետ արձակվել պարտադիր ժամկետային զինծառայությունից
Պաշտպանության նախարարությունն առաջարկում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ուսումնական փուլը լրանալուց հետո (միջինը՝ չորսուկես ամիս), զինծառայողի կողմից ՀՀ պետական բյուջե 24 միլիոն դրամ վճարելու պայմանով՝ վաղաժամկետ արձակել պարտադիր զինվորական ծառայությունից։
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը պաշտպանական գերատեսչությունը հանրային քննարկման է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
ՊՆ-ի այս նախաձեռնութունը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված այն կետից, ըստ որի՝ պետք է ստեղծվեն աստիճանական եւ կանոնակարգված ձեւով պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման օրենսդրական հիմքեր։
Բացի վերոնշյալ նախաձեռնությունից Պաշտպանության նախարարությունը նաեւ «Ես եմ» ծրագրին փոխարինող այլ առաջարկ է ներկայացրել։ Հիշեցնենք՝ «Ես եմ» ծրագրով պարտադիր ժամկետային զինծառայության ենթակա քաղաքացին ՊՆ-ի հետ կնքում էր պայմանագիր, ըստ որի՝ ծառայության ժամկետ է սահմանվում 3 տարին, որից առաջին 6 ամիսը պետք է լինի ուսումնական զորամասում։ Հաջորդ 2,5 տարվա ընթացքում զինծառայողը հաջորդաբար պետք է անցկացներ մարտական դիրքերում (2 շաբաթ), զորամասում (1 շաբաթ) եւ արձակման մեջ (1 շաբաթ)։ 3 տարին լրանալուց հետո, երբ զինծառայող զորացրվում է, նրան տրամադրվում է 5 միլիոն դրամ պատվովճար, որը նա կարող էր օգտագործել միայն բնակարան գնելու կամ ուսման վարձի կամ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով։
Ըստ Պաշտպանության նախարարության՝ «Ես եմ» ծրագրով ծառայություն անցնելու ցանկություն հայտնողների քանակն ի սկզբանե չի բավարարել ակնկալվող քանակները՝ աստիճանաբար նվազելով, ինչպես նաեւ 2021-2022թթ. զորակոչերի ընթացքում չի եղել ոչ մի դիմում: Բացի այդ, ինչպես հայտնում է ՊՆ-ն, 2020 թվականի ռազմական գործողություններից հետո մեծ թվով զինծառայողներ վաղաժամկետ հրաժարվեցին ծրագրից եւ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով արձակվեցին զինվորական ծառայությունից: Ներկայում ծրագրով զինվորական ծառայությունը շարունակում է ընդամենը 3 զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին:
Այս հանգամանքները հաշվի առնելով՝ Պաշտպանության նախարարությունը մտադիր է ներդնել նոր ծրագիր, որը կկոչվի «Հայրենյաց պաշտպան»։ Այն իրենից ենթադրում է շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից անցում պայմանագրային զինվորական ծառայության, որի ժամկետը նախատեսվում է 5 տարի, ինչպես նաեւ կնքած պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին կտրամադրվի պատվովճար՝ 5 միլիոն դրամ, որը զինծառայողը կամ քաղաքացին կարող է տնօրինել իր հայեցողությամբ՝ առանց որեւէ պարտադիր պայմանի: