Պետք է մտածել երկիրը փրկելու մասին․ որևէ այլ օրակարգ արդիական չէ. Ղազարյան
Մեր երկիրը վտանգված է, պետք է մտածել այն փրկելու մասին․ որևէ այլ օրակարգ արդիական չէ։ Այս մասին գրել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:
"32 տարի առաջ, երբ ընդունվում էր Հայաստանի Անկախության հռչակագիրը ողջ հասարակությունն ապրում էր երազանքով և հուզմունքով։ Հայ ժողովուրդը վերստին Անկախ պետականություն կերտելու հնարավորություն էր ստացել։ Արցախյան շարժման ոգևորիչ ուժը, մարդկանց միասնությունը բոլորին մղում էր հաղթանակի, ոչինչ էին թվում բոլոր կարգի դժվարություններն ու արգելքները։
Այդ ժամանակ ոչ ոք չէր կարող մտածել անգամ, որ պետականության կերտման ճանապարհին Հայաստանը կարող է հայտնվել դավադիր թշնամիների ձեռքում, ովքեր կկործանեն բոլորի վաստակն ու հաջողությունները, Հայրենիքը կհանձնեն թշնամուն, կկոտրեն հասարակության ողնաշարը, կքայքայեն մեծ դժվարությամբ ստեղծված պետական և հանրային մյուս բոլոր ինստիտուտները, կհեղինակազրկեն երկիրը և նորից մեզ կկանգնեցնեն պետականության կորստի վտանգի առջև։
Մենք փրկելու ենք մեր երկիրը թշնամիների կեղտոտ ճիրաններից, հզորացնելու, շենացնելու և զարգացնելու ենք այն ու հպարտությամբ փոխանցելու ենք մեր սերունդներին։
Մեր մեջքը շտկելու, մեր գլուխը բարձրացնելու, մեր արժանապատվությունը վերականգնելու համար օգոստոսի 23-ին ժամը 17։00-ին ընտանիքներով, ընկերներով, բարեկամներով, հարազատներով, կոլեկտիվներով հավաքվելու ենք Հանրապետության հրապարակում"։