Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ Հայաստանի համար. Աղաջանյան
Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ Հայաստանի համար:
Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Էդուարդ Աղաջանյանը։
«Կարևոր եմ համարում նշել, որ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի վերջին հանդիպման արդյունքում, երբ Ադրբեջանի նախագահը հանդիպումից հետո համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքը հիշատակելով, ԵԽ նախագահի գրասենյակը հերքող հայտարարությամբ է հանդես եկել, որ նման բան չի քննարկվել: Այս գործելաոճը նոր չէ, Ադրբեջանը մշտապես առանձնացել է նմանատիպ գործելակերպով»,- նշեց Էդուարդ Աղաջանյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի գործելակերպը չի օգնում կամ խրախուսում կոնստրուկտիվ քննարկումներին:
«Ցավոք, մեր հարևաններն առանձնանում են ոչ պատշաճ կամ պայմանավորվածությունները չպահող գործելակերպով: Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել: Հայաստանը հրաժարվում է նման հարց քննարկել, հրաժարվել է ի սկզբանե»,- ընդգծեց նա: