24.11.2024
ՊՆ խոսնակը՝ Սեյրան Օհանյանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելու մասին
prev Նախորդ նորություն

Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովին կքննարկվի մինչև 2025 թվականը հավաքական անվտանգության ռազմավարությունը

ՀԱՊԿ գագաթնաժողովին, որը հոկտեմբերի 14-ին տեղի կունենա Երևանում, կքննարկվի մինչև 2025 թվականը հավաքական անվտանգության ռազմավարությունը: Այս մասին այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, փոխանցում է «ԲԵԼՏԱ»-ն:

«Ես նախագահին ներկայացրեցի մեր կատարած աշխատանքը հավաքական անվտանգության ռազմավարության մշակումն ավարտելու ուղղությամբ: Մենք փաստաթուղթը գործնականում համաձայնեցրել ենք եւ նախագահներին կներկայացնենք հոկտեմբերի 14-ին Երեւանում»,- ասել է Նիկոլայ Բորդյուժան:

Մեկ այլ խոշոր նախագիծ, որի ուղղությամբ այսօր կազմակերպությունում աշխատում են, ՀԱՊԿ Ճգնաժամերի արձագանքման կենտրոնի ստեղծումն է:

«Այս ուղղությամբ գործընթացը ևս բավական դրական է ընթանում: Կարծում եմ՝ նախագահները կհաստատեն որոշումը, որի համաձայն մենք կստեղծենք ՀԱՊԿ գործողության գոտու իրավիճակի դիտարկման կենտրոն: Կենտրոնը հնարավորություն կունենա մեր երկրներում համանման կառույցների միջոցով փոխանակել փաստագրական, թվային, տեսատեղեկատվություն, կազմակերպել տեսակոնֆերանսներ»,- պարզաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նիկոլայ Բորդյուժայի խոսքով՝ հանդիպմանը նաև անդրադարձել են ՀԱՊԿ ուժային բաղկացուցիչի կազմավորմանը և ամրապնդմանը:

«Տեղյակ եք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում անցկացվել է հավաքական ուժերի տարբեր ստորաբաժանումների զորավարժությունների շարք: Բելառուսում հաջողությամբ անցկացվեցին խաղաղապահ ուժերի զորավարժությունները: Ըստ որում՝ առաջին անգամ, բացի զինծառայողների դրվագային գործողությունների վարժանքներից, մշակվեցին փախստականների խոշոր զանգվածներին համատեղ արձագանքելու հարցեր: Մենք մշակեցինք փախստականներին ընդունելու, զտելու, նրանց օգնություն ցուցաբերելու հարցերը»,- նշել է նա:

Դրանից զատ, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նիկոլայ Բորդյուժան մտքեր են փոխանակել ՀԱՊԿ անդամ երկրներում և այսօր դիտարկվող ու մտահոգություն հարուցող տաք կետերում ստեղծված իրավիճակների զարգացման վերաբերյալ: