Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի աշխատանքային խմբի նոր հանդիպման մասին պայմանավորվածություն դեռ չկա, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Եռակողմ խմբի վերջին նիստը տեղի է ունեցել հունիսի 3-ին, հետո հունիսի 16-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում աշխատանքային հանդիպում են ունեցել համանախագահները:
Հայաստանի փոխվարչապետի տեղեկացմամբ՝ արդեն մեկուկես տարի գործող եռակողմ աշխատանքային խումբը մեկ տասնյակի հասնող նիստեր է անցկացրել, ստեղծվել են երկու փորձագիտական աշխատանքային ենթախմբեր՝ երկաթուղային և ավտոտրանսպորտային փոխադրումների հարցերով։
«Աշխատանքների ընթացքում հաջողվել է կոնսենսուսի գալ Երասխ - Հորադիզ երկաթուղու վերականգնման մասով։ Այս ընթացքում հաջողվել է նաև մոտեցնել դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության մի շարք կարևոր գործառույթների մասով։ Այժմ աշխատանքները շարունակվում են», - նշել է փոխվարչապետը։
Գրիգորյանը ձեռք բերված պայմանավորվածությունների մասին ավելին չի հայտնել։ Ավելի վաղ ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում փոխվարչապետը կառուցողական էր որակել աշխատանքային խմբի գործունեությունը: Մինչդեռ նախքան Գրիգորյանի հարցազրույցը, իր առցանց ասուլիսում վարչապետ Փաշինյանը խոսել էր Բաքվի ոչ կառուցողական դիրքորոշման մասին, ավելին, եզրակացրել, որ այսպիսով Ադրբեջանը փորձում է «Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորվել»։
«Ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների փաթեթային բացման վերաբերյալ այդ առաջարկությունը հրապարակվեց, ադրբեջանական կողմը մերժեց նաև այդ տարբերակը: Ի գնահատականը մեկն է՝ դա արվում է Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու համար», - նշել է վարչապետը:
Ըստ փոխվարչապետի՝ իր և Փաշինյանի հայտարարություններում հակասություններ չկան. - «Չեմ համարում, որ այստեղ հակասություն կա: Այո, կան հարցեր, որոնց շուրջ չի հաջողվել կոնսենսուսի գալ, կան մերժված առաջարկներ, բայց կա նաև աշխատանքային գործընթաց՝ հարթակ, որտեղ փորձ է արվում լուծումներ գտնել: Ինչ խոսք, սա բարդ աշխատանք է, բայց հույս ունենք, որ այն արդյունավետ կլինի»:
Գրիգորյանը որևէ մանրամասն չի փոխանցել Ադրբեջանը Նախիջևանին կապող ավտոճանապարհի մասին։
Օրերս ռուսական Известия-ն է, հղում անելով դիվանագիտական իր աղբյուրներին, գրել է, թե ռուսական կողմը օգնել է Հայաստանին և Ադրբեջանին պայմանավորվել, թե որտեղով է անցնում Ադրբեջանը Նախիջևանին կապող ավտոճանապարհը:
«Մնում է, որ կողմերը համաձայնության գան ընդամենը 6-կիլոմետրանոց հատվածի շուրջ, որը բացակայում է», - թերթին ասել է բանակցություններին մոտ կանգնած բարձրաստիճան մի պաշտոնյա՝ հավելելով՝ այնտեղ լեռներ են և հիմա ռուսական "Автодор" ընկերությունը փորձագետների է ուղարկում, որպեսզի նրանք ինժեներական պարզ լուծումներ առաջարկեն:
Թե կոնկրետ որ կետերով է անցնում երթուղին, անվտանգության ու մաքսային ինչ ռեժիմ է գործելու, թերթը չէր հստակեցրել: Նշվում է միայն, որ ճանապարհը ձգվելու է հայկական կողմից Արաքսի երկայնքով, օգտագործելու են խորհրդային հին ճանապարհները, որոնք մինչև 1992 թվականի Ղարաբաղյան պատերազմը կապում էին Նախիջևանը ադրբեջանական Զանգելանի հետ՝ Հայաստանի տարածքով: