Հարգել տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը. Ալի Շամխանի
Հուլիսի 7-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:
"Ընդգծել ենք երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության կայուն զարգացման միտումը և այդ համատեքստում շեշտել ենք երկկողմ տնտեսական փոխգործակցության կարևորությունն ու դրա զարգացման անհրաժեշտությունը:
Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում առանձնակի շեշտել ենք Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը: Երկուստեք բարձր ենք գնահատել կողմերի պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը Մեղրու ազատ տնտեսական գոտու և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում:
Ներկայացրել եմ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը՝ շեշտելով, որ այդ գործընթացքում միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում: Իրանի ԱԽ քարտուղար Ալի Շամխանին նշել է, որ վերոնշյալի կոնտեքստում պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները:
Խոսել եմ տարածաշրջանային անվտանգության ապահովման և ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին, ինչի շրջանակներում Իրանի ԱԽ քարտուղարն ընդգծել է Թեհրանի պաստրաստակամությունը՝ նպաստելու Հարավային Կովկասի անվտանգության պահպանմանը:
Պայմանավորվել ենք երկխոսությունը շարունակելու նպատակով հաջորդիվ հանդիպել Հայաստան-Իրան սահմանին",- գրել է Գրիգորյանը Facebook-ի իր էջում: