23.11.2024
Կարեն Կարապետյանը ՀՀ նոր վարչապետն է
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյան. Վստահ եմ` Կարեն Կարապետյանը կկարողանա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում

Տնտեսական բարեփոխումները նախըն­թաց տարի­ներին եղել են մեր ուշադրության կենտրոնում, իսկ քաղաքական բարեփո­խում­ները մի տեսակ թողել էինք ավելի լավ ժամանակների՝ մտածելով, որ տնտե­սական բարե­փոխումները առավել նպաստավոր պայմաններ կստ­եղծեն քա­ղա­քական բա­րեփոխումների համար: Վաղուց արդեն ակնհայտ է, որ առանց քա­ղաքական բարե­փոխումների՝ տնտեսական բարեփոխում­ների արդյունք­ները միշտ էլ մեզ չեն բավարարելու: Այսօր արդեն բոլորն են տեսնում քաղաքական բարե­փոխումների անհրաժեշտությունը: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստում հայտարարել է ՀՀ նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` քաղաքական բարեփոխումները ենթադ­րում են նախևառաջ քաղա­քական մշակույթ: Քաղաքական բանավեճերի ու երկրի առջև ծառացած խնդիրների լուծման նոր եղանակներ, ուժի դիրքերից քաղա­քական ընդդի­մախոսների հետ խոսելու բացառում, քա­ղաքական համակարգում նպատա­կասլաց ու գաղա­փարներով լի մարդկանց ազատ մուտք, խորհրդարանը երկրի թիվ մեկ ամբիոնի վերածում, երկրի առջև ծառացած խնդիրների շուրջ երկրի բոլոր կարող ուժերի մտքերն ու գաղա­փարները մեկտեղելու հնա­րավորություն՝ անկախ քաղաքական դիրքավորումից և այլն: Քաղա­քա­կան բարեփոխումներն ինք­նանպա­տակ չեն, դրանք այս կամ այն միջազ­գային կազ­մակերպության հորդորով, առավել ևս՝ պահանջով, արված քայլեր չեն. դրանք լավ հայրենիք ունենալու, անվտանգ հայրենիք ունենալու, սե­փական հողի վրա հազարամյակներ ապրելու ու արարելու նպատակով ար­ված բարեփոխումներ են: Եվ այդ ամենի հիմքերը նոր ընդունված Սահմանադրության մեջ են:

Սահմանադրական բարեփոխումներին հաջոր­դեցին բավականին բարդ, աշխա­տատար, պրոֆեսիո­նալ լուծումներ պահան­ջող նախապատ­րաս­տա­կան աշխատանքներ, որոնց մեծ մասը չի եղել հրապա­րակային: Վերջին օրինակը ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության և քաղա­քացիական հասա­րակության ներկայացուցիչների հետ այն աննա­խադեպ համագործակցությունն էր, որ ընթանում էր վերջին ամիսներին, և հույս ունենք, որ մոտակա երկու-երեք օրերի ընթացքում այն բարեհաջող ավարտ կունենա: Նախա­պատ­րաստական աշխա­տանքները, ցավոք սրտի, դանդաղեցին, կամ այսպես ասած՝ երկրորդ պլան մղվեցին ապրիլյան պատե­րազմից հետո: Պատե­րազմի դասերը, ինչպես միշտ, մենք սերտում ենք. շարու­նակվում են էական աշխատանքներ տարվել, դրանք շարունակվելու են անկախ որևէ այլ գործընթացներից: Մեզ մեր ծրագ­րած ընթացքից հետ գցեցին նաև, իհարկե, վերջին դեպքերը, բայց հիմա այլևս հապա­ղելու ժամանակ մենք չունենք:

«Կրկնում եմ` մենք դանդաղելու իրա­վունք չունենք և ոչ էլ ժամանակ»,- շեշտեց նա:

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կարող ենք էական փոփոխություններ սպասել առաջիկայում և խոսքն առաջին հերթին իրականացվող քաղաքականությանն է վերաբերում, դրա առաջնահերթություններին, ձեռագրին, նպատա­կադրումներին` նաև նորացված Սահմանադրության պահանջներին համապա­տաս­խանեց­ման առումով: Որպես հետևանք՝ անշուշտ կլինեն և կադրային փո­փոխություններ: Փոփոխություններ կլինեն կառա­վարման համակարգի գրե­թե բոլոր ոլորտներում` սկսած Նախագահի աշխատակազմից մինչև դատա­իրավական համակարգ: Նշելով, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո կուսակցությունը միաձայն ՀՀ վարչապետի պաշտո­նում Կարեն Կարապետ­յանի թեկնածությունն է առաջադրել, նախագահը նշեց, որ բոլորին քաջ հայտնի են Կարա­պետյանի ունակու­թյուններն ու ոճը: Նախագահը վստահ է` նա իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում, հասարակությունը տանել դեպի նոր տնտե­սական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրա­տիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն և այլն:

«Ես վստահ եմ՝ արդյունավետ աշխատելով, Կարեն Կարապետ­յանը կկարո­ղա­նա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում: Կկա­րողանա ապագա բոլոր զարգացումները տանել ՀՀ Սահմանադ­րությամբ կանխո­րոշված ուղով, այսինքն՝ ժամանակակից ուղով»,- նշեց նա:

Սերժ Սարգսյանը շեշտեց, որ նոր կառավարությունը նորացված Սահմանադրության պայմաններում պետք է աշխատի լիովին այլ փիլիսոփայությամբ: Նա չպետք է վարանի պատասխանատվություն կրելուց, չփորձի իրենից դուրս գտնել մեղավորներ, բաց լինի քննադատության ու հա­մագործակցության համար, բայց և՝ հաստատակամ իր նպատակներում: Նոր կառավարությունը պետք է վերականգնի իշխա­նությունների նկատմամբ ամենալայն վստահությունը, գտնի տնտեսության և հանրային կյանքի համար ոչ ստանդարտ լուծումներ, որոնք կերաշ­խա­վորեն պետության կայուն զարգացումը և կամրապնդեն Հայաստանի դիր­քերը տարածաշրջանում: Նորացված Սահմանադրության հիմքում, ըստ Սարգսյանի, ընկած է երկրի ողջ ներուժի արդ­յու­նավետ օգտագործումը, հասարակության լայն շերտերի ներգրավ­ման ինստի­տուցիոնալ երաշխիքների ապահովումը բոլոր բնագա­վառներում: Առանց բաց կառավարման, հասարա­կական լայն վստա­հություն ապահովելը անհնարին է, և այդ պատճառով էլ անհնարին է երկրի որակական նոր զարգացումը:

«Նոր կա­ռա­վարության հիմնական խնդիրը ես տեսնում եմ թափանցիկության, հրա­պարակային գործընթացների արդյունքում տնտե­սական այնպիսի բարե­փոխումների իրականացման մեջ, որոնք կամրապնդեն կայուն, ազատ մրցակ­ցային տնտեսություն ունենալու հիմքերը, յուրաքանչյուր տնտես­վարող սուբյեկտի հնարավո­րություն կտան առանց որևէ բյուրոկրատական խոչընդոտների դրսևորել իր գործարար ներուժը: Սահմանադրական բարեփոխումների ոգուն հարիր` նոր կառա­վարու­թյունը, անշուշտ, ունենալու է գործելու, փոփոխելու և զարգացնելու մեծ ազա­տություն, հետևաբար նաև ստանձնելու է մեծ պա­տաս­խանատվություն: Կարևորը տեմպն է, արագությունը և արդյունա­վե­տությունը: Վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,- համոզմունք է հայտնել նա:

Սերժ Սարգսյանը կուսակցության անունից շնորհակալություն հայտնել վարչապետ Հովիկ Աբրա­համյանին այս պատասխա­նատու ժամանակահատվածում Հայա­տանի կա­ռավա­րությունը ղեկավարելու համար` բարձր գնահատելով վերջինիս քայլը: Ըստ նախագահի, Աբրահամյանի գլխավորությամբ կառա­վարությունը վերջին երկու տարիների ընթացքում կարողացավ ապահովել տնտեսական կայունություն, զերծ պահել երկիրը արտաքին աշխարհից եկող բա­ցասական ազդեցությունների հնարավոր հետևանք հանդի­սացող ցնցումներից, իրականացվող քաղաքա­կանու­թյան արդյուն­քում ապահովել տնտեսական այնպիսի ցուցանիշներ, որոնք շատ երկրներ ուրախ կլինեին ունենալ, սակայն չբավարարվելով դրանցով և մշտա­պես արձանագրելով, որ Հայաս­տա­նին անհրա­ժեշտ է ավելի բարձր և կայուն, երկարաժամկետ աճ:

«Վար­չապետ Աբրահամյանը փորձեց պարզ մարդկային լեզվով խոսել իր երկրի քաղաքացիների հետ, լսեց մարդկանց ու լսված եղավ նրանց կողմից: Կառա­վարությունն արեց հնարավորը երկիրը փո­փոխու­թյունների նոր փուլ տանելը նախապատրաստելու համար, ինչը հսկայական աշխատանք էր, և դա արեց հաջողությամբ: Շատ-շատ շնոր­հակալ եմ, պարոն Աբրահամյան»,- ասաց նա ու տեղեկացրեց, որ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է ակտիվորեն մաս­նակ­­ցել գալիք խորհրդարանական ընտրություններին, հա­մատեղ աշխա­տանքը շարունակվելու է:

Ես շնորհավորում եմ Կարեն Կարապետյանին Հայաստանի Հանրապետության կառա­վարության ղեկն ստանձնելու կապակցությամբ: Վճռորոշ փուլ ենք մտնում, մեծ է պատասխանատվությունն ու էական են ակնկալիքները: Վստահ եմ, որ բոլորս անվերապահորեն սատարելու ենք նրա նախաձեռ­նությունները: Շնորհավորում եմ և հաջողություն եմ մաղթում մեզ բոլորիս»: