ԵԱՀԿ-ն պետք է ապահովի իր պատասխանատվության տարածաշրջանում համապարփակ անվտանգությունը. ԱԳՆ
Հունիսի 28-29-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովը, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։
Անդրադառնալով ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներին՝ նախարարի տեղակալը նշեց, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, սպառազինությունների վերահսկման ռեժիմի փաստացի և շարունակական խախտումները, զինված հակամարտություններում օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների և վարձկանների օգտագործումը փաստացի հարցականի տակ է դրել ԵԱՀԿ կարողությունը՝ ապահովելու իր պատասխանատվության տարածաշրջանում համապարփակ անվտանգությունը։
Նշվեց, որ Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված զինադադարի շարունակական խախտումները, այս տարվա մարտին Արցախում մարդասիրական ճգնաժամ առաջացնելու Ադրբեջանի քայլերը, ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ ձևաչափերի աշխատանքների խոչընդոտումը վկայում են, որ ԵԱՀԿ տարածքում անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է մասնակից երկրների արդյունավետ համագործակցությունը և ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների և հանձնառությունների վերահաստատումը։