ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կազմակերպված կայուն խմբի կողմից ուրիշի գույքի զգալի և խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են՝ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ հափշտակության մեխանիզմը, հափշտակության չափը, հանցավոր խմբի անդամների ինքնությունը, որոնցից երեքն ընտանիքի անդամներ են, ինչպես նաև՝ տուժողների շրջանակը, որոնց թիվը գերազանցում է հինգ տասնյակը:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 54-ամյա բնակիչը 22-ամյա դստեր, 18-ամյա որդու և Էջմիածին քաղաքի բնակչի հետ ստեղծել են կազմակերպված կայուն խումբ, որի կազմում խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով, շահադիտական նպատակով, կատարել են ուրիշի գույքի հափշտակություններ:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ խմբի անդամները, նյութական օգուտներ ստանալու նպատակով, հիմնականում թիրախավորելով ՀՀ մարզերի բնակիչներին, մանրակրկիտ պլանավորել են հափշտակությունների կատարման մեխանիզմը և մեթոդները, կատարել են դերաբաշխում և վստահություն ձեռք բերելով տուժողների մոտ, մոլորության մեջ գցելով՝ նրանցից որոշակի ապրանքներ գնելու կամ որոշակի ծառայություններ մատուցելու դիմաց վճարել են նախապես ձեռք բերված, վճարման միջոց չհանդիսացող հուշանվեր հանդիսացող կեղծ «EURO» թղթադրամներ:
Պարզվել է նաև, որ կազմակերպված խմբի անդամներից 22-ամյա աղջիկը, խաբեության եղանակով ուրիշի գույքի զգալի չափերի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, Էջմիածին քաղաքում գտնվող խոհանոց-խանութի վաճառողուհուց բացահայտ կերպով հափշտակել է գումար և դիմել փախուստի:
Քննությամբ պարզվել է տուժողներին պատճառված վնասի չափը, որը կազմում է շուրջ 18.100.000 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ խմբի երեք անդամներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ 22-ամյա աղջկան՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 176-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանցից 3-ի նկատմամաբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ 18-ամյա երիտասարդի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: