Քննարկվել են հայ-սերբական կրթամշակութային մի շարք հարցեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է դեսպանին՝ կարևորելով երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն ուղղված շարունակական քայլերը: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Ա. Մարտիրոսյանը հատկապես առանձնացրել է մշակութային ժառանգության, պատմամշակութային արժեք ունեցող հուշակոթողների պահպանման և վերականգնման վերաբերյալ հարցերը, մատնանշել Հայաստանի և Սերբիայի՝ այդ ասպարեզում պատմական առնչությունները:
Փոխնախարարը հակիրճ ներկայացրել է նաև այլ երկրներում հայագիտական կենտրոնների գործունեությունը` կարևորելով Սերբիայում հայագիտական կենտրոնի ստեղծման հնարավորությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Տատյանա Պանայոտովիչն իր գոհունակությունն է հայտնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում համագործակցության հնարավորության համար:
Անդրադարձ է եղել 2022 թ. օգոստոսին Ուջանում կայանալիք «Ծիրանի ծառ» միջազգային կինոփառատոնին, որին մասնակցում են նաև սերբ կինոգործիչները՝ ներկայացնելով վավերագրական ֆիլմեր:
Կողմերը քննարկել են 2 երկրների բուհերում սերբերենի և հայերենի ուսուցման, դասախոսությունների, ամբիոն հիմնելու հնարավորությունները: Քննարկվել են ընդհանուր համագործակցությամբ մի շարք ոլորտների՝ գեղարվեստական գրականության թարգմանության, թարգմանիչների պատրաստման, լեզվական հետազոտությունների ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Այս համատեքստում կարևորվել է ուսանողներին կրթաթոշակով ապահովելու հնարավորությունների ընդլայնումը: Նախարարի տեղակալն ու դեսպանն անդրադարձել են նաև ընթացիկ մի շարք ծրագրերի՝ «Էրազմուս+»-ի, «Starmus»-ի կարևորությանը, նախանշել սպորտային համագործակցության հնարավոր ուղիները: