ԱԻ նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են համագործակցությունը
Հունիսի 14-ին ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Նովիկովին:
"Ողջունելով հյուրերին, նախ շնորհավորել եմ ռուս ժողովրդին ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել տոնական միջոցառման հրավերի համար:
Դեսպան Կոպիրկինն իր հերթին շնորհավորել է նախարար նշանակվելուս կապակցությամբ և մաղթել հաջողություն:
Հանդիպման ընթացքում կարևորել ենք հայ-ռուսական համագործակցությունն արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և բնական աղետների հետևանքների վերացման ոլորտներում։ Անդրադարձ ենք կատարել նաև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությանը, ընդգծել դրա կարևորությունն ու զարգացման ներուժի հնարավորությունները:
Դեսպան Կոպիրկինին իմ երախտագիտությունն եմ հայտնել Ռուսաստանի Դաշնության կողմից ՀՀ-ին որպես մարդասիրական օգնություն տրամադրված «Ուազ» մակնիշի 3 միավոր մեքենայի և «Ուրալ» մակնիշի 6 հրշեջ-փրկարարական ավտոմեքենայի համար:
Հանդիպման ավարտին ԱԻՆ պատրաստակամությունն եմ հայտնել համագործակցել ռուսական կողմի հետ տարբեր ծրագրերի շրջանակներում՝ ինչպես գործնական, այնպես էլ կրթական ոլորտներում",- գրել է նախարարը Facebook-ի իր էջում։