«Ծանր վիրավորանքով» քրեական գործերը կարճվելու են. Վլադիմիր Վարդանյան
«Ծանր վիրավորանքների» քրեականացումը ի սկզբանե եղել է ժամանակավոր միջոց։ Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ասել է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ մեկնաբանելով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հայտարարությունը, թե նոր Քրեական օրենսգրքում «ծանր վիրավորանքի» մասին դրույթ նախատեսված չէ։
Նրա խոսքով, «ծանր վիրավորանքի» քրեականացում նախատեսող փոփոխությունը մտցվել է՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հրապարակային ելույթներում անընդունելի արարքներն ու արտահայտությունները ճնշելու նպատակով։ Նոր Քրեական օրենսգրքում ի սկզբանե այս դրույթը չկար, հավելեց նա։ Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ ծանր վիրավորանքների քրեականացումը, որպես կանխարգելիչ միջոց, իր դերը կատարել է, և նման բացասական երեւույթներին վերադարձ չի լինելու։
Նա տեղեկացրեց, որ նոր Քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելով՝ այս հոդվածով հարուցված քրեական գործերը կկարճվեն։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա վերջին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում նշել էր, որ վարչապետի գլխավորությամբ անցկացված միջգերատեսչական քննարկումների արդյունքներով աննպատակահարմար է համարվել նոր քրեական օրենսգրքում ծանր վիրավորանք ամրագրելը։ Այս անընդունելի արարքի համար կկիրառվի վարչական պատասխանատվություն՝ մինչև 3.000.000 դրամ տուգանքի չափով։ Քրեական նոր օրենսգիրքն ուժի մեջ է մտնում այս տարվա հուլիսի 1-ից, հետևաբար այդ օրվանից Հայաստանում այսպես կոչված «ծանր վիրավորանքներն» ապաքրեականացվելու են։