25.11.2024
Կաթողիկոսը մեկնել է Լեռնային Ղարաբաղ
prev Նախորդ նորություն

ՀՀ և Վրաստանի վարչապետները քննարկել են վրացական ընկերությունների մուտքը ԵԱՏՄ շուկա դյուրացնելու ուղիները

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ առանձնազրույցի ընթացքում երկու երկրների վարչապետները գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների ընթացքից և անդրադարձել դրանց զարգացման հեռանկարներին:

Հովիկ Աբրահամյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին ընդգծել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության դրական դինամիկան և քննարկել առևտրատնտեսական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Իր խոսքում Հովիկ Աբրահամյանը նշել է, որ վերջին տարիներին ակտիվ համագործակցություն է ծավալվում երկու երկրների իշխանությունների միջև, և հայ-վրացական հարաբերությունները նկատելի առաջընթաց են արձանագրել: Նրա խոսքով, այդ գործընթացին նպաստում են բարձր մակարդակի պաշտոնական փոխայցերը, և վրաց գործընկերոջ այցը ավելի կամրապնդի երկու երկրների համագործակցությունը և´ քաղաքական, և´ տնտեսական առումով:

«Հայաստանի համար Վրաստանի դերն ու նշանակությունը կարևորվում է ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում»,- ասել է նա:

Իր հերթին Վրաստանի վարչապետը նշել է, որ իսկապես, վերջին տարիներին հայ-վրացական փոխհարաբերություններն աչքի են ընկնում դրական առաջընթացով, երկու երկրների միջև տնտեսական բնագավառում հաստատվել է համագործակցության բարձր մակարդակ:
«Անկախ Վրաստանի պատմության մեջ ներկայում հայ-վրացական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են, և անհրաժեշտ է շարունակել ջանքերը դրանք ամրապնդելու ուղղությամբ»,-ասել է նա:

Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, կրթության ոլորտներում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Առևտրատնտեսական գործակցությունն ակտիվացնելու տեսանկյունից երկուստեք կարևորվել է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նոր թափ հաղորդել հանձնաժողովի աշխատանքներին: ՀՀ վարչապետը նշել է, որ հեռանկարային կարող է լինել նաև Հայաստանում հայ-վրացական համատեղ ձեռնարկությունների հիմնումը, ինչը կդյուրացնի վրացական ընկերությունների մուտքը Եվրասիական տնտեսական միության միասնական շուկա: Վրաստանի վարչապետը ողջունել է այդ գաղափարը և առաջարկել համատեղ աշխատանքային խմբի ձևաչափով քննարկել հետագա քայլերը:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկայի և տրանսպորտային հաղորդակցության ոլորտներում համագործակցության մակարդակից և անդրադարձել ընթացիկ ծրագրերին: Աբրահամյանն ու Կվիրիկաշվիլին կարևորել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով էներգետիկ համագործակցության զարգացումը և ողջունել 2015 թ. դեկտեմբերին և 2016 թ. ապրիլին Երևանում կայացած Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի էներգետիկ ոլորտների ներկայացուցիչների միջև հանդիպումները, որոնք հնարավորություն կտան նախաձեռնել և կյանքի կոչել տարածաշրջանային նշանակության ներդրումային ծրագրեր: Որպես այդպիսին կողմերը կարևորել են Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի նախագծի իրագործումը: Անդրադարձ է եղել նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցմանը, կարևորվել է աշխատանքների արագ ընթացքը։

Անդրադարձ է եղել նաև Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում Բարեկամության կամրջի կառուցման աշխատանքներին, որոնք ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան: Ընդգծվել է, որ դրա գործածումն էլ ավելի կամրապնդի տրանսպորտային համագործակցությունը: