21.12.2024
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների հետ
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն հետաքրքրված է, որ պատմականորեն Արցախում ապրող հայերը պահպանեն անվտանգ կյանքը. Շվիդկոյ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 10-ին ընդունել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյին:


Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:


Կարեւորելով Միխայիլ Շվիդկոյի այցը մեր երկիր՝ Հակոբ Արշակյանն արձանագրել է, որ այս տարին հոբելյանական է. նշվում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը:


«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Հայաստանի վարչապետի՝ այս տարվա երկրորդ կեսին մեր երկիր այցելելու հրավերը: Կարծում եմ, որ այդ այցն առանձնահատուկ նշանակություն կտա հոբելյանական տարում նախատեսված միջոցառումներին»,- ընդգծել է խորհրդարանի փոխխոսնակը:


Հակոբ Արշակյանն անդրադարձել է հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցության օրակարգին՝ համոզմունք հայտնելով, որ օրենսդիր մարմինների միջեւ գործընկերային հարաբերություններն անշեղորեն զարգանում են: Այս համատեքստում ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է այն փաստը, որ այս տարվա ապրիլին Ստեփանավան քաղաքում կայացած միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստի շրջանակում Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Պուշկինի ոլորաններ հատվածում կանգնեցվեց ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի արձանը:


Միխայիլ Շվիդկոյը եւս բարձր է գնահատել երկկողմ խորհրդարանական հարաբերությունների մակարդակը եւ հավելել, որ երկու երկրների միջեւ ակտիվ զարգանում են կապերը մշակութային, կրթական, հումանիտար եւ այլ ոլորտներում: Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Հյուրի խոսքով՝ իրենք հետաքրքրված են, որ պատմականորեն այնտեղ ապրող հայերը պահպանեն իրենց անվտանգ եւ արժանապատիվ կյանքը: Այս հարցում Միխայիլ Շվիդկոյն ընդգծել է ռուս խաղաղապահների դերակատարությունը:


Քննարկվել են նաեւ հայ-ռուսական դաշնակցային բարեկամական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր: