13.10.2024
ՌԴ-Բաքու-Ստեփանակերտ. ապաշրջափակումը կսկսվի երկաթուղիներից
prev Նախորդ նորություն

Մամուլ. Միջազգային կառույցները սարսափած են եղել Քոչարյանի հնարավոր հաղթանակից

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԳՆ համակարգի հին աշխատակիցներից մեկն ուշագրավ մանրամասներ պատմեց 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված։ Նա աշխատանքի բերումով առնչվել է միջազգային կառույցների եւ եվրոպական երկրների արտաքին գերատեսչությունների հետ եւ ասում է, որ այդ ընթացքում մեծ ուշադրություն կար դեպի Հայաստանը։ Շուրջօրյա ռեժիմով հետաքրքրված են եղել ընտրությունների ելքով՝ տեղեկություններ են խնդրել իրենցից, ուսումնասիրություններ արել եւ չեն թաքցրել իրենց տագնապը՝ կապված ընդդիմության վերելքի եւ հատկապես Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավի հետ։ Իսկ քարոզարշավի վերջին օրերին կայացած հանրահավաքից, երբ Հանրապետության հրապարակը լեցուն էր, եւ կանխատեսվում էր, որ «Հայաստան» դաշինքը շատ ձայներ է ստանալու, առհասարակ՝ «մեռած էին, թաղած չէին»։ Մեր զրուցակիցը պատմում է, որ երբեք չի մոռանա այն ցնծությունը, որն ապրել են եվրոպական գործընկերները՝ հունիսի 21-ի արդյունքների հրապարակումից հետո։ Նրանք անթաքույց շնորհավորել են իրար, տպավորությունն այնպիսին է եղել, ասես հենց իրենք են հաղթանակ տարել, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանը»:


«Իրավունք» թերթը գրում է. «Քննիչ հանձնաժողովը դեռ աշխատանքները չսկսած՝ չար լեզուներն ասում են, որ արդեն իսկ մեղավորներ է կարգել: Ավելին, այդ մեղավորների մի մասը այս օրերին ակտիվ հարցաքնությունների է հրավիրվում՝ պատերազմի հանգամանքները բացահայտող տարբեր գործերով: Իշխանականների շրջանում շրջանառվող լուրերի համաձայն, շուտով նոր, աղմկահարույց ձերբակալություններեն սպասվում ՊՆ-ում: Ըստ օդում կախված լուրերի, հատկապես աչքի տակ են վերցվել Արտակ Դավթյանի մտերիմ համարվող կադրերը:Չնայած՝ հաշվի առնելով, որ պատերազմի մեկնարկային փուլում հայկական բանակի խղճուկ վիճակի անմիջական մեղավորներից մեկն էլ Դավթյանն է, նրան պատասխանատվության կանչելն առավել քան տեղին կլիներ: Բայց շատ ավելի լավ կլիներ, այնտեղ նստեր Նիկոլի կողքին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանի հին մասնաշենքը նորին կապող միջանցքը, որին լրագրողական հանրույթը «Լաչինի միջանցք» անվանումն է տվել, երեկ ազատագրված էր ՊՊԾ աշխատակիցներից եւ բաց էր լրագրողների համար։ Այստեղ օգոստոսից, երբ սկսվեցին խորհրդարանի աշխատանքները, ՊՊԾ ծառայողները հսկողություն էին իրականացնում, որպեսզի, ԱԺ ղեկավարության որոշման համաձայն, լրագրողների տեղաշարժը սահմանափակեին, եւ նրանք չկարողանային անցնել այդ միջանցքով, անցանկալի հարցեր տալ իրենց կիսագրագետ պատգամավորներին։ Թե ինչու էին երեկ բացել, դժվար է ասել։ Գուցե պատճառն այն է, որ իրենց պատգամավորներն այս ընթացքում արդեն կատարելագործել են վազելու ունակությունները, եւ լրագրողներից ճողոպրելն այլեւս բարդ չէ նրանց համար։ Քանի դեռ միջանցքը փակ էր, նրանք ստիպված էին ճողոպրել ընդամենը 5-10 մետր տարածք՝ լրագրողների թակարդը չընկնելու համար, հիմա այդ տարածքը, ինչպես պատերազմից հետո մեր բնագծերը, եռապատկվել, քառապատկվել է, սակայն իրենք են ճարպկացել։ Օրինակ, Լենա Նազարյանը, երեկ դահլիճից դուրս գալով, եղնիկի արագությամբ վազում էր, որ չհայտնվի լրագրողների աքցանի մեջ»:


«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քիչ էր մնում տապալեր իր իսկ սեփական նախաձեռնությամբ հրավիրած արտահերթ նիստը: Ազգային ժողովում երեկ պատգամավորի «կրիզիս» էր: Քվորում մի կերպ էին ապահովում, իսկ քվեարկությունները դարձավ իսկական պատուհաս: Ստիպված եղան 20 րոպե ընդմիջում հայտարարել, որ անհրաժեշտ քանակի պատգամավոր «հայթայթեն» ու օրենսդրական նախագծերի քվեարկությունները «սղացնեն»: Իսկ 20 րոպեն ԱԺ նիստերի դահլիճում վերածվեց իսկական դասամիջոցի, պարապությունից զրույցի էին բռնվել, ասում, խոսում, ուրախանում էին, մինչեւ կժամաներ, օրինակ, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը: Դահլիճում հեւիհեւ հայտնված Լուլուն շտապեց մեղայականով արդարանալ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի մոտ: Իսկ մինչ այդ եւս մի քանի պատգամավոր հայտնվեցին դահլիճում: Արդյունքում քվեարկությունը տեղի ունեցավ, ՔՊ-ականներն էլ, խորը շունչ քաշելով, մեծ մասամբ էլի լքեցին դահլիճը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Նիկոլ Փաշինյանին եւ գործող իշխանություններին աջակցող հայտարարություններ անելուց զատ, զբաղվում է նաեւ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ։ Նախօրեին նա եւ Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄքԴոնալդը հանդիպել են հայաստանյան ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հետ եւ, ըստ որոշ տեղեկությունների, տեղեկացրել, որ հայաստանյան իշխանությունների հետ նրանց իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր են մշակում։ Հանդիպման մասնակիցներից ոմանք տարածում էին ամերիկացիների հետ հանդիպման նկարները եւ շնորհակալություն հայտնում հեռացող դեսպան Թրեյսիին՝ իրենց աջակցելու համար»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պաշտոնավարման 100-րդ օրվա առնչությամբ այսօր մամուլի ասուլիսով հանդես կգա: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ նորանշանակ մարզպետին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում այդքան էլ չեն ընդունում: ՔՊ-ամերձ մեր աղբյուրները հայտնում են, որ կուսակցության սյունիքյան թեւը որեւէ կերպ չի հասկանում՝ ինչպես կարող էին Ճամբարակի Կալավանից ղեկավար բերել այդ կարեւոր մարզի համար:«Ամբողջ մարզպետարանն իր սիրելի մարդկանցով է լցրել: Անհասկանալի, անընդունելի էր, երբ իրեն տեղակալ նշանակեց լրագրող Նարե Ղազարյանին, որ Փաշինյանի ակտիվ քննադատներից էր ու մասնակցում էր ընդդիմադիրների բոլոր երթերին, ակցիաներին»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ մարզպետին թեեւ հաջողվել է Փաշինյանին համոզել ու Ղազարյանին փոխմարզպետի պաշտոնում նշանակել, այնուամենայնիվ, ՔՊ-ի՝ Սյունիքի ակտիվն այդ նշանակման հետ որեւէ կերպ չի հարմարվում: Ըստ մեր լուրերի՝ ՔՊ-ականները պատրաստվում են ներկուսակցական ստորագրահավաք սկսել՝ ոչ միայն ընդդեմ Ղազարյանի, այլեւ ընդդեմ մարզպետ Ղուկասյանի:


«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, անդրադառնալով Ղազարյանի նշանակմանը եւ այդ առնչությամբ ՔՊ-ականների անհանգստությանը, նշեց. «Այդպիսի բան չկա, նեղ շրջանակներ են այդպես քննարկում, բայց իրականում այդպիսի բան չկա: Ինչ վերաբերում է մարզպետարանի աշխատանքներին, ապա մեծ աշխատակազմ ունենք, կարող ենք հարցնել յուրաքանչյուրին, ու կասեն՝ մարզպետարանն այսքան ներդաշնակ երբեք չի եղել»: Մեր զրուցակիցը, սակայն, փոխանցում է, որ ՔՊ-ականները որպես Սյունիքի մարզպետ դիտարկում են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի թեկնածությունը, որը մտերմիկ հարաբերություններ ունի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ: Նա, սակայն, պարտված թեկնածու է. Կապանում խայտառակ պարտություն կրեց ներկայիս համայնքի ղեկավարի հետ մրցակցությունում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ներկայիս նախագահ Տիգրան Սահակյանի տարիքը մոտ է թոշակային շեմին, եւ արդեն անհրաժեշտություն է առաջացել նոր թեկնածու առաջադրելու: Ավելին՝ արդեն անգամ թեկնածուի անուն է առաջ քաշվել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օրերս Վերաքննիչ քրեական դատարան է գնացել ԲԴԽ նապագահ Գագիկ Ջհանգիրյանը եւ ասել, որ Տիգրան Սահակյանից հետո Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է դառնալու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սեւակ Համբարձումյանը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ Սեւակ Համբարձումյանից պարզել, թե արդյոք նրան առաջարկ արվել է, թե ոչ: Ի պատասխան՝ Սեւակ Համբարձումյանը նշեց. «Ոնց կորոշեն, տենց կլինի: Եթե առաջարկություն կանեն, կտեսնեմ: Դժվար է ասել, հիմա՝ այս պահին, դեռ ես պատրաստ չեմ, տեսնենք»: Մենք կհետեւենք զարգացումներին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա չորս ամիսներին Հայաստանում ուղեւորափոխադրումներն աճել են 41.1 տոկոսով: Նշված ժամանակահատվածում ավելացել են ավտոմոբիլային փոխադրումների ծավալները 45 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց միջոցով իրականացված ուղեւորափոխադրումների ծավալները, 2021-ի հունվար-ապրիլ ամիսների համեմատ, նվազել են 20.2 տոկոսով: Այսինքն` այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին տաքսիներից օգտվել է 517 հազար 700 մարդ, փոխարենը 92.6 տոկոսով ավելացել են ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալները, հիմնականում՝ զբոսաշրջիկների, նաեւ Հայաստանից արտագաղթածների հաշվին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ աճել են էլեկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալները 23.5 տոկոսով. խոսքը Երեւանի մետրոյի մասին է: Մետրոյով ուղեւորափոխադրումների ծավալների աճն էլ, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ մայրաքաղաքում խցանումներ են, իսկ մետրոյի դեպքում չկա նման խնդիր»:


 

Տեղի է ունենում Արցախի ու Հայաստանի համար շատ կործանարար գործընթաց. Շավարշ Քոչարյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ