Մենք պատրաստ ենք օգնել Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի կնքմանը. Լավրով
Ռուսաստանը հաստատել է իր պատրաստակամությունն աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում։
«Մենք ընդհանուր ըմբռնում ունենք, որ գործընթացն առաջ է ընթանում։ Ես կցանկանայի ավելի արագ տեմպեր տեսնել, բայց գործընթացն ընթանում է։ Նշանակալից, դրական միջանկյալ արդյունքներ են ձեռք բերվում, կասկած չկա, որ վերջնական պայմանավորվածություններ կլինեն։
Իհարկե, կողմերն ունեն իրենց հատուկ տեսլականը, թե ինչպես պետք է աշխատել գալիք փուլում, բայց բոլորը՝ մեր գործընկերները և մենք, հասկանում ենք, որ երեք հայտարարություններն էլ ճանապարհային քարտեզ են, որով մենք բոլորս պետք է առաջնորդվենք»,- ասել է Լավրովը։
Նա նաև հավելել է, որ Մոսկվայում նախատեսվում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հերթական նիստը։ «Մենք պատրաստ ենք խորհրդատվական օգնություն ցուցաբերել, այդ թվում՝ քարտեզագրական նյութերի տեսքով, ինչը շատ կարևոր է»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։