Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմն ըստ պլանի չի գնացել. Ալեքսեյ Օվերչուկ
Արևմտյան երկրները, կիրառելով հակառուսական պատժամիջոցներ, կարծում էին, որ դրանք կվախեցնեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Ռուսաստանի գործընկերներին, սակայն Ռուսաստանի ղեկավարության ձեռնարկած միջոցներն ուղղեցին այդ ծրագրերը դրանց նախաձեռնողների դեմ։
Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ հինգշաբթի օրը ելույթ ունենալով «Ղազախստանը և Ռուսաստանը. ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության փաստացի ոլորտները» համաժողովում։
«Ճնշումները (պատժամիջոցները) ուղղված են ռուսական տնտեսության թուլացմանը, իսկ պատժամիջոցների հեղինակներն ակնկալում են, որ այդ միջոցները պետք է վախեցնեն ԵԱՏՄ անդամ երկրներին Ռուսաստանի հետ համագործակցությունից, խզեն մեր կապերը, և ընդհանրապես դա կնշանակի, որ եվրասիական տարածաշրջանը չի կարողանա ինտեգրվել՝ որպես անկախ սուբյեկտ հանդես գալու համար», - Օվերչուկին մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Սակայն, ըստ նրա, ՌԴ նախագահի, կառավարության և Ռուսաստանի բանկի ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Ռուսաստանի Դաշնության դեմ տնտեսական պատերազմը «չի ընթացել այն սանձազերծողների պլանով»։