Հայաստանը կկատարի իր պարտավորությունները՝ որպես ռազմավարական դաշնակից. Մամիջանյան
Հայաստանը պատրաստ է կատարել ստանձնած պարտավորությունները՝ որպես ռազմավարական դաշնակից, նույնն ակնկալում է նաեւ Ռուսաստանի Դաշնությունից։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով, Հայաստանը սպասում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության դրույթների կատարմանն ադրբեջանական զինված ուժերի՝ Փառուխ գյուղի սկզբնական դիրքեր դուրս բերելու վերաբերյալ։
Նա նաև հույս է հայտնել, որ Բաքուն կկատարի «խայտառակ եռակողմ հայտարարության» միակ քիչ թե շատ հայանպաստ դրույթը և կազատի հայ գերիներին։ Մամիջանյանը հիշեցրեց, որ վերոնշյալ հայտարարության վրա կա նաև ՌԴ նախագահի ստորագրությունը։
Մամիջանյանը հույս հայտնեց, որ Հայաստանի ռազմավարական գործընկերն այլևս երբեք թույլ չի տա Ադրբեջանի սոցիալական տեռորի կրկնությունը, որն իրականացվել է ձմռան ամիսներին գազազրկված արցախցիների նկատմամբ։
Հիշելով հայերի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին, Մամիջանյանը նշեց. «Աստված մի արասցե նման աղետի կրկնությունը։ Բայց եթե դա տեղի ունենա, մենք պատրաստ ենք կատարել մեր պարտավորությունները՝ որպես ռազմավարական դաշնակից, և նույնը ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնությունից»։
Մամիջանյանը նշեց, որ հայ-ռուսական հարաբերություններում կան պահեր, որոնց մասին ընդունված չէ խոսել. «Խոսքը հսկայական ռազմական օգնության մասին է, որը դադարեցվել է 2018 թվականից»։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանին պետք է վստահելի գործընկեր տարածաշրջանում, այլ ոչ թե «գլխացավանք», իսկ իշխանափոխության դեպքում դա կապահովվի։