Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ:
Նիստում քննարկման առարկա է դարձել Ներքին գործերի նախարարության նախնական մոդելը: Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ ձևավորման ֆունկցիոնալ-կառուցվածքային քարտեզը՝ այդ համատեքստում անդրադառնալով հիմնական գործառույթներին, ստորաբաժանումներին, օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակացույցին և հարակից այլ հարցերի: Նշվել է, որ առաջարկվող մոդելը լրամշակվել է Խորհրդի նախորդ նիստում շահագրգիռ գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված փոխադարձ ընդունելի առաջարկներով:
Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել է ստեղծվելիք ՆԳՆ կառուցվածքին և գործառույթներին, կառավարման և աշխատանքի կազմակերպման հայեցակարգին, աշխատակիցների սոցիալական ապահովության մեխանիզմներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Վարչապետը, կարևորելով ՆԳՆ ստեղծումը, նշել է, որ Կառավարությունը նախաձեռնել է նշված բարեփոխումը՝ ինստիտուցիոնալ առումով օպտիմալ կառույց ձևավորելու և աշխատակիցների համար սոցիալական երաշխիքների հուսալի համակարգ ներդնելու նպատակով: Ըստ այդմ՝ այն պետք է ունենա ծախսարդյունավետ և հստակ, չկրկնվող գործառույթներով կառուցվածք: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևաչափով քննարկել բարձրացված հարցադրումները, մշակել դրանց լուծման առաջարկներ և գաղափարներ՝ առաջ շարժվելով նախատեսված ժամանակացույցով:
Հաջորդիվ, Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և 2020-2022թթ. գործողությունների ծրագրի կատարման 2021թ. հաշվետվությունը և առաջիկա 6 ամսվա անելիքները: Նշվել է, որ շարունակական աշխատանքներ են իրականացվել Ռազմավարության առաջնային ուղղությունների՝ Պարեկային ծառայության ու Օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրման ուղղությամբ. 2022թ. ապրիլին Պարեկային ծառայության ստորաբաժանումներ են գործարկվել Լոռու և Շիրակի մարզերում: Նախատեսվում է մինչև տարեվերջ ՊԾ-ն գործարկել Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում: Ակնկալվում է, որ Պարեկային ծառայությունը, համաձայն Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի, ՀՀ-ում ամբողջությամբ ներդրված կլինի 2024թ. ընթացքում: Մեկնարկել է նաև Օպերատիվ կառավարման կենտրոնի գործարկումը՝ Երևան քաղաքում, այժմ արդեն Լոռու և Շիրակի մարզերում, որից հետո՝ փուլային տարբերակով, ստորաբաժանումներ կստեղծվեն ողջ հանրապետությունում: Աշխատանքներ են իրականացվել նաև կրթական, միջազգային համագործակցության ոլորտում, Ոստիկանության ծառայողների վարձատրության և սոցիալական երաշխիքների համադրման, համայնքային ոստիկանության գործառութային և օրենսդրական աուդիտի ու այլ ուղղություններով:
Փոխոստիկանապետը զեկուցել է նաև Վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման մասին:
Ներկայացված զեկուցումներն ընդունվել են ի գիտություն: